News

Թումանյանական օր Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում

Educational 2014-02-20

Փետրվարի 19-ին` վաղ առավոտից, թումանյանկան շունչն էր թևածում Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում: Նշվում էր Թումանյանի ծննդյան 145 ամյակը: Մայրենի լեզվի առարկայական շաբաթը անցկացվում է այս օրերին: Թումանյանի ծննդյան օրը նաև գիրք նվիրելու օր է, իսկ դպրոցում այն արդեն ավանդույթ է դարձել:
Աշակերտները միմյանց գիրք են նվիրում: 3-րդ դասարանի դասվար Նազանի Հարությունյանի նախաձեռնությամբ ձևավորվել էր թումանյանական անկյուն, որն իր մեջ ներառնում էր ոչ միայն բանաստեղծի ստեղծագործությունները, կյանքի, գրական-հասարակական գործունեության կարևոր դրվագներն, այլ նաև աշակերտների ուժերով պատրաստված ալբոմներն ու պաստառները, թումանյանական հեքիաթի հերոսների նկարազարդումները: 
 
Նախօրոք հայտարարվել էր մրցույթ՝
1.Լավագույն ձեռագիր
2.Լավագույն նկարիչ - ստեղծագործող
3.Լավագույն ասմուք
 
Լավագույն ձեռագիր մրցույթում հաղթող ճանաչվեցին 5-րդ «ա» դասարանի աշակերտները, որոնք փորձել էին հնագույն ձեռագրերի շունչ տալ իրենց աշխատանքներին: Իսկ ահա 9-րդ դասարանի աշակերտ Հայկ Մելքոնյանը իր թումանյանական հերոսների նկարազարդումներով արժանացավ լավագույն նկարիչ - ստեղծագործող մրցանակին: 3-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Պողոսյանը ներկաներին հիացրեց իր գեղեցիկ ասմունքով և ճանաչվեց լավագույնը:
 
Տպավորիչ էր 5-րդ «բ» դասարանի աշակերտների ներկայացրած «Գառնիկ ախպերը», «Շունն ու կատուն», «Պողոս-Պետրոսը», 4-րդ «ա» դասարանցիների «Կացին ախպերը»:
 
3-րդ, 4-րդ, 6-րդ դասարանի աշակերտները արտասանեցին Թումանյանի մանկական բանաստեղծությունները, քառյակները և բանաստեղծությունները: «Ախ ինչ լավ է սարի վրա» ստեղծագործությունը շվիի նվագակցությամբ հնչեցրեց 3-րդ դասարանի աշակերտ Ներսիսյան Արտակը: Դպրոցի երգչախումբը իր կատարումներով լրացրեց և ամբողջացրեց օրվա խորհուրդը:
 
Իսկ ահա աշակերտական խորհրդի անդամ Սերյոժա Գևորգյանը, որը հանդես էր գալիս Թումանյանի կերպարով հետևում էր միջոցառման ողջ ընթացքին և առավել աչքի ընկնող աշակերտներին գիրք նվիրում: Վերջում ընթերցվեցին Թումանյանի հանելուկները. ոգևորության ալիքը ավելի սաստկացավ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.