News

«Մայրը» ներկայացում` նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին

Featured 2014-02-20

Այսօր` փետրվարի 20-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի բեմադրած Կ. Չապեկի «Մայրը» ներկայացումը: Այն նվիրվում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Մազմանյանի հիշատակին:
Ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը տեղեկացրեց, որ նախորդ ներկայացումը նվիրված է եղել ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:
 
«Այսուհետ «Մայրը» ներկայացումն ամեն անգամ պետք է նվիրենք մեր հերոսներից կամ ազատամարտիկներից մեկին»,- նշեց թատրոնի տնօրենը:
 
Լալա Մնացականյանի խոսքով, ազատամարտիկներն արժանի են խոնարհման. «Մի պահ է գալիս, որ վախ ես ապրում, թե կմոռանան մեր հերոսների անունները: Ամեն ներկայացումից առաջ խոսվելու է հերոսի մասին»:
 
Նշենք, որ գլխավոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, դերերում՝ Արմեն Կարապետյան, լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի արվեստանոցի (4-րդ կուրս) ուսանողներ Սամվել Թադևոսյան, Վաչագան Երիցյան, Արսեն Ազիզյան, Սարգիս Բաղդասարյան, Աղվան Մնացականյան։ Ներկայացման մուտքն ազատ է:
 
Չեխիայի դեսպանատան առաջարկով ներկայացումն այս տարի կցուցադրվի Չապեկի հայրենիքում: 2012 թվականի սեպտեմբերի 7-14 ընկած ժամանակահատվածում «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա-2012. Կլասիկա պլյուս» 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Այն մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղի հանդիսատեսի կողմից՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
 
Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանը ծանր հիվանդությունից հետո մահացել է այս տարվա հունվարի 8-ին:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.