News

Քաջերի որդիները քաջ են լինում

Educational 2014-02-19

Տոնական շնչով է արթնացել Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցը: Տոնին թևեր են պարգևել տարրական դպրոցի ավագները՝ 4-րդ «ա» դասարանցիները: Այստեղ իրականացվող յուրաքանչյուր միջոցառում ունի լուրջ նպատակներ, գերխնդիրներ, որոնք հղկում ու հասունացնում են մեր դպրոցականին` նրան դարձնելով էլ ավելի բանիմաց և բարձր արժեքներ կրող:
Տոնական տրամադրությունները նկատելի են դպրոցի ճեմասրահներից անգամ, և դժվար չէ կռահել, որ այսօր ցնծությամբ ենք նշում և արժևորում մեր՝ հայոց ազգային բանակի 22-րդ տարեդարձը:
 
Փոքրիկ զինվորների կեցվածքն ու հագուստները ամբողջացնում են մեր հզոր բանակի հպարտ նկարագիրը: Հպարտությամբ ու ակնածանքով ենք փաստում, որ մեր բանակի արժանի կրողն է մեր փոքրիկ, բայց արդեն կամքով արի, խրոխտ, ուշիմ ու խելացի այս նոր սերունդը:
 
Այսօր է սկսվում հայրենասեր դառնալու, հայրենիքի պաշտպան զինվորը լինելու, մեր ազգային նկարագիրը վեհացնելու դժվարին աշխատանքը, որը հրաշալի է իրականացնում դասվար Լ. Աբրահամյանը: Նա վարպետորեն կարողանում է իրար միահյուսել հայրենիքի, ազգայինի, մարդկայինի վեհ գաղափարները, որոնք կենսականորեն սնում ու գեղեցկացնում են լուսավոր հոգիները:
 
Փոքրիկ տղաների ու աղջիկների դերերն ու խոսքերը այնքան տպավորիչ էին, որ դահլիճում արցունքոտ մայրական աչքերը միաժամանակ հպարտություն ու բերկրանք, կարոտ ու համբերություն էին խտացրել, հպարտություն, որ հայրենիքի պաշտպաններ են ծնել, որ զինվորն է իրենց տան լույսը, որ արցունքները թաքցնելու ուժով են զինված, որ սպասելն ու համբերելը հայ մայրերի արժանիքներից են դարեր ի վեր ...
 
Դպրոցականների հայրենասիրական խրոխտ պարերն ու երգերը, ոգեշունչ բառերը իրենց զրնգուն արձագանքն էին փոխանցում բոլորին՝ փաստելով, որ թշնամին երկչոտ ու խղճուկ է, որ հայրենի հողն է զինվորի ապավենը, որ քաջերի կանչով են արիացել մեր որդիները, որ մայրական ջերմության, խաղաղության գինը արյան գինն է, կյանքի գինն է...
 
Այսօր էլ մեր հայրենիքը շնչում ու ծաղկում է խաղաղ երկնքի ներքո, այսօր էլ փոքրիկի երգը գարնան, ծաղկունքի, երազանքների մասին է, քանի որ այսօր էլ մեր քաջ, հպարտ, ուժեղ ու հայրենասեր զինվորն է մեր սահմանների պաշտպանը... 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.