News

Համադպրոցական միջոցառում Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-02-19

Հայ Առաքելական եկեղեցին, նախնի եկեղեցու հաստատած կարգի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի հրաշափառ Ծննդից քառասուն օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է 40 օրական փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը:
Արմավիրի մարզի ակնալճի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` Ար. Խրլակյանի նախաձեռնությամբ և դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց հոգևոր միջոցառում` նվիրված «Տյառնընդառաջի» տոնին:
 
Աշակերտները զանգերի ղողանջների ներքո ողջունեցին հանդիսատեսին և ազդարարեցին տոնի ավետիսը.
 
-Հնչեցե'ք զանգեր ի լուր ամենքի,
-Տոնն է այսօր Տյառնընդառաջի,
-Լուսեղեն ցոլքեր երկնից իջնեն,
-Մարդկանց սրտերում ու հոգիներում
Հույսի, լույսի ճամփան բացեն:
 
Ողջունելուց հետո մասնակիցները և հանդիսատեսը «Տերունական  աղոթքով» շարունակեցին միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց բեմականացում, որտեղ Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսին բերում են տաճար, որոնց ընդառաջ է գնում Սիմեոն ծերունին: Ավանդության համաձայն` Սիմեոնը Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով Ալեքսանդրիայում մասնակցել էր Հին Կտակարանի գրքերը եբրաերենից հունարեն վերլուծելու «Յոթանասնից» թարգմանությանը: Թարգմանությունը կատարելու ժամանակ Սիմեոնը Եսայու գրքում հանդիպում է «Ահա կույսը պիտի հղանա ու որդի ծնի» նախադասությանը, մտածում է, թե շատերը թերևս չեն հավատա այս խոսքին, և ջնջում է այն: Որոշ ժամանակ իր արածի մասին մտորելուց հետո նիրհում է, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ այն հատվածը, որը նա ջնջել էր, ոսկե տառերով նորից գրվել էր նույն  տեղում: Սիմեոնը փառաբանում է Աստծուն և երանի տալիս նրանց, ովքեր ականատես կլինեին այդ դեպքին: Աստծո Սուրբ Հոգին տեսնելով Սիմեոնի հավատքը, ասում է. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ օծյալին»:
 
Տյառնընդառաջի Ծիսական կարգը ներկայացվեց դպրոցի բակում` խարույկի շուրջ: Խարույկը վառելու պատիվը տրվեց դպրոցի լավագույն ΙX «ա» դասարանին: Աշակերտները շուրջպար բռնեցին, որից հետո թռան խարույկի վրայից: Մեկնաբանելով Ծիսական կարգը շեշտեցին, որ ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների` 40 օրական Հիսուսին ջահերով ու ճրագներով ընդառաջ դուրս գալը, որի օրինակով քրիստոնյաներն են տոնի օրը ջահեր և մոմեր վառում:
 
Աշակերտները հիշատակեցին նաև, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնը զուգադիպել է Տյառնընդառաջին և մեզ համար դարձել կրկնակի տոն: Միջոցառման ավարտին նշվեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրահանգով Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
 
Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրինությունը, Էջմիածնի տարածաշրջանի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու` Գյուլնազ Գրիգորյանը, ուսուցիչներ, ծնողներ աշակերտներ: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրինությունն իր գոհունակության խոսքն ասաց միջոցառման կազմակերպչին` Ար. Խրլակյանին և մասնակից աշակերտներին, իսկ Գ. Գրիգորյանը հավելեց, որ հոգևոր միջոցառումների կազմակերպումը օրհնություն է բերում թե՛ կազմակերպչին, թե՛ մասնակիցներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.