News

Գյումրու թիվ 1 դպրոցում հանդիսավոր նշվեց Տեառնընդառաջը

Educational 2014-02-17

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն ավանդաբար նշում է ազգային, եկեղեցական տոները՝ աշակերտների մեջ սերմանելով բարին, գեղեցիկը, հարգանք` սեփական պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ: Այս անգամ ևս մեծ շուքով տոնեցին Տեառնընդառաջը, Վարդանանց տոնը:
Ողջույնի խոսքով և տեր Նշան քահանայի օրհնությամբ ու Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը: Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին 40-օրյա Հիսուս Քրիստոսին Երուսաղեմ տանելը: Այնուհետև վառվեց կրակը, քանի որ Քրիստոսն աշխարհ եկավ՝ Աստվածային կրակը բորբոքելու մարդկանց հոգիներում: Կրակը վառվեց, և ամբողջ դպրոցը շուրջպար բռնեց, պարեց, այնուհետև ազդարարվեց մեր ժողովրդի ավանդական խաղերի սկիզբը:
 
Բազկամարտ, պարանի ձգում, արագ շախմատ, աքլորակռիվ և այլ մրցումներում հաղթանակ տոնեցին տարբեր դասարաններ: Թեժ էր պայքարը հատկապես տոնի խորհրդանիշների ձևավորման անվանակարգում: Բայց ամենուր իշխողը համերաշխությունն էր, բարձր տրամադրությունը, տոնական մթնոլորտը:
 
Հաղորդավարը անդրադարձավ նաև Վարդանանց տոնին: Հայ Առաքելական եկեղեցին Վարդանանց պատերազմում զոհվածներին դասել է սուրբ նահատակների շարքին: Այս կռվում հաղթեցին մեր կամքը, ոգին, հայրենասիրությունը: Այս կռվում մենք վաստակեցինք շարունակվելու մեր իրավունքը: Եվ արժանի է, որ մենք խոնարհվենք մեր գոյության վկայագիրը մեզ տվողների հիշատակի առաջ և խրոխտ, ոգեղեն պարով, նաև այսպես ապրելով հավերժացնենք նրանց գործը:
 
Անհրաժեշտ է, որ ազգային սովորույթներն ու ավանդույթեները միշտ վառ մնան մեր ժողովրդի, զավակների մեջ և փոխանցվեն սերնդեսերունդ: Մեր ավանդույթները մեր համն ու գույնն են, մեր ինքնությունն ու պատմությունը, մեր արմատն ու հիշողությունը: Այսպես են մտածում նաև թիվ 1 ավագ դպրոցում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.