News

Դաս – միջոցառում «Աղբը և շրջակա միջավայրը» թեմայով

Educational 2014-02-14

«Աղբի կառավարման նորագույն մեթոդաբանության ներդրումը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի փորձացուցադրական քաղաքներում» ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում հերթական միջոցառումն էր «Աղբը և շրջակա միջավայրը» թեմայով:
Օրերս V-VI դասարանների մոտ 30 աշակերտներ հավաքվել էին լսելու և քննարկելու աղբի, նրա կուտակումների հետևանքով բնությանը հասցրած վնասի, երկրորդային վերամշակման արդյունավետության մասին:
 
Նրանք դիտեցին տեսաֆիլմեր «Աղբը որպես բնապահպանական հիմնախնդիր», «Աղբի տեսակները» թեմաներով: Ակտիվ քննարկումներից հետո անցան գործնական աշխատանքին. աշակերտները տարբեր գույների (յուրաքանչյուրից 2-ական) կպչուն թղթերի վրա գրեցին նույն աղբի անունը և դրանցից մեկը ամրացրին գրատախտակի պաստառին նկարված աղբամանին: Ստացվեց տարբեր աղբերի անուններով գույնզգույն թղթերով լցված մի մեծ աղբաման: Երկրորդ օրինակը փակցրին համապատասխան անունը կրող փոքր աղբարկղին (թուղթ, պլաստիկ շիշ, ապակե տարա, սննդի մնացորդ, մետաղի ջարդոն):
 
Աշակերտները տեսան, որ աղբը տեսակավորելիս նախ և առաջ պակասում է աղբի քանակը և, երկրորդ` տեսակավորված աղբը կարելի է վերամշակել, արդյունքում` պահպանել բնությունը աղտոտումից:
 
Վերջում` խմբային աշխատանքի ժամանակ, բուռն քննարկումներից հետո մշակվեց ուղերձ Արարատ քաղաքի բնակչությանը և քաղաքապետին, որտեղ աշակերտները ներկայացրեցին սեփական կարծիքն ու վերաբերմունքը շրջակա միջավայրի և նրա աղտոտման վերաբերյալ:
 
ՈՒղերձ
 
Երկիրը մեր տունն է, և նրա պահպանությունը միայն կառավարության խնդիրը չէ: Մեր տան մաքրությունը կախված է նաև մեզանից: Մենք կարող ենք ծառեր տնկել, խնամել կանաչ զանգվածը, շաբաթօրյակներ կազմակերպել, մաքրել շրջակա տարածքը: Մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ չի կարելի նետել անպետք իրը, սննդի մնացորդը, ուր որ պատահի:
 
Մենք` Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներս, կոչ ենք անում քաղաքի բնակչությանը` մեծերին, փոքրերին, բոլոր բոլորին` մաքու́ր պահենք մեր տունը, մեր քաղաքը, սիրե́նք ու պահպանե́նք բնությունը:
 
Բնության պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.