News

«Սիրտս սիրում է կրկին» գրական-երաժշտական միջոցառում` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 129-ամյակին

Educational 2014-02-13

Փետրվարի 10-ին մայրաքաղաքի Վ.Տերյանի անվան դպրոցում, ուր մշտապես առկա է անմահ քնարերգուի ոգեղեն շունչը, «Սիրտս սիրում է կրկին» ինքնատիպ միջոցառմամբ նշվեց բանաստեղծի 129-ամյակը:
Միջոցառման կազմակերպիչը հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ Մառլենա Սիմոնյանն էր, որի մտահղացմամբ ներկայացվեց բանաստեղծի սիրո պատմությունը:
 
Միջոցառմանն ընդգրկված էին երրորդից յոթերորդ դասարանի աշակերտները: Մասնակիցների թվում կային աշակերտներ, որոնք 2013թ. օգոստոսին Շուշիում մասնակցել էին ասմունքի համահայկական փառատոնին և արժանացել մրցանակների ու շնորհակալագրերի:
 
Աշակերտների գեղեցիկ ասմունքն ընդհատվում էր Վ.Տերյանի խոսքերով գրված երգերի կատարումներով: Երգերի բարձրորակ կատարումները երգեցողության ուսուցչուհի Անժելա Միրիջանյանի ջանքերի արդյունքն էր:
 
Հատվածներ ընթերցվեցին նաև Վ.Տերյանի` Անթառամ Միսկարյանին գրված նամակներից, որոնցում առավելագույնս բացվում են բանաստեղծի ներաշխարհի վարագույրները:
 
Միջոցառումն ավարտվեց` լուսավոր թախիծով պարուրելով բոլորի սրտերը:
 
Դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց մասնակից աշակերտներին, ուսուցիչներ Մ. Սիմոնյանին և Ա.Միրիջանյանին: Իր հիացմունքն արտահայտեց նաև Գանձայի Վ.Տերյանի տուն-թանգարանի գիտաշխատող Ն.Սիրեկանյանը:
 
Մեկ օր առաջ` փետրվարի 9-ին, տերյանցիներն այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ էին դրել բանաստեղծի հուշաքարին և խնկարկել:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.