News

Տոնական միջոցառում` նվիրված հայոց բանակի կազմավորման 22-ամյակին

Educational 2014-02-13

Օրերս Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մեծ շուքով նշվեց հայոց բանակի կազմավորման 22-ամյակը: Հիմք ունենալով այն գիտակցումը, որ բանակը բոլորինս է, ու մեզանից յուրաքանչյուրը նրա զինվորն է, տոնական միջոցառմանն ընդգրկված էին գրեթե բոլոր դասարանների աշակերտները: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց փոքրիկ գրական մոնտաժ` հագեցած հայրենասիրական երգ ու պարով:
Բացի այդ, տոնական ծրագրում իրենց յուրատեսակ կատարումներով ներկայացան Բալահովտի զորամասի շնորհալի զինվորները, որոնց հետ համագործակցությունը խոր արմատներ ունի և ծնվել է զորամաս կատարվող ավանդական այցերի շնորհիվ:
 
Այս անգամ արդեն դպրոց հյուրընկալված հանդիսատես և մասնակից զինվորների ներկայությունը ևս մեկ անգամ ամրապնդեց բանակ-հասարակություն-դպրոց, զինվոր-աշակերտ կապերը, քանզի դպրոցն է այն հիմնասյունը, որտեղ կրթվում են հայրենիքի համար պիտանի և նվիրյալ զավակներ:
 
Դպրոցի միջանցքում շրջող զինվորներն իսկական խանդավառություն էին առաջացրել ու նոր շնչով լցրել դպրոցը: Երեխաները շատ ոգևորված էին, իսկ փոքրիկ Ժորան ու նրա ընկերները, տեսնելով զինվորներին, զարմանքով բացականչեցին. «Վայ, տեսեք, իսկական զինվորներ են եկել մեր դպրոց, եկեք շնորհավորենք նրանց տոնը»:
 
Բեմում ծածանվող բազմաթիվ եռագույնները, զինվորական համազգեստ կրող ու մեկ օրով զինվոր դարձած աշակերտներն ու զինվորները ևս մեկ անգամ եկան ապացուցելու նժդեհյան այն փիլիսոփայությունը, որ «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասից»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.