News

«Հայակ 2014» կինոմրցանակաբաշխությունը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին

Featured 2014-02-12

Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախագահ Գևորգ Գևորգյանը հայտնում է, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվելու է մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները փետրվարի 3-ից արդեն հայտարարել են հայտերի ընդունման գործընթացը, որը կշարունակվի մինչև մարտի 10-ը: «Հայակ-2014»-ին կարող են մասնակցել 2012թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին և 2013թ.-ին արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների:
 
«Հայակ-2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ինչի կապակցությամբ սահմանվելու է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը: Բացի այդ, առաջին անգամ սահմանվելու են ևս երկու նոր հատուկ մրցանակներ` Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ` կինոյում ունեցած վաստակի համար և Համո Բեկնազարյանի անվան մրցանակ` հայկական կինոյում ունեցած ներդրման համար: Այս տարի «Հայակի» մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
 
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես կունենա 15 անվանակարգ` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք):
 
«Արդեն արտասահմանցի հայ ռեժիսորներից, նաև արտասահմանցի կինոգործիչներից, ովքեր հայկական թեմայով ֆիլմեր են նկարահանել, շատ հայտեր ենք ստացել»,- ասաց Գ. Գևորգյանը:
 
Նա նաև նշեց, որ բանակցում են արտասահմանցի հայտնի կինոգործիչների հետ` հրավիրելով մրցանակաբաշխությանը:
 
Հիշեցնենք, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012թ.-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.