News

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը» ցանկը համալրվել է Արամ Խաչատրյանի ձեռագրերով

Featured 2014-02-11

ХХ դարի մեծանուն հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի (1903-1978) ձեռագրերն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը» ցանկում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղարկած հավաստագիրը հանձնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին:
Հայաստանի ներկայացրած «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել էր դեռ 2013թ.-ի հունիսին: Հայտը ներառում է 15 ձեռագիր նոտաներ, ինչպես նաև մի քանի փաստաթուղթ, որոնք ներկայացրել է նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը»,-ասել է տուն-թանգարանի տնօրենը:
 
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ կոմպոզիտորի ստեղծագործությունները, որոնք սնվել են ազգային մշակույթի հարուստ ավանդույթներով, մեծ ազդեցություն են թողել հայկական, խորհրդային ու համաշխարհային մշակույթի վրա: Ազգային և համաշխարհային երաժշտության գանձարան մտան նրա «Գայանե» բալետը, հատկապես «Սուսերով պարը», «Սպարտակը», համերգներն ու սիմֆոնիաները, կինոերաժշտությունը, երգերը:
 
Ամեն տարի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Երևանում անց է կացվում նրա անվան երաժշտական մրցույթ: 2013 թվականի մայիսին մրցույթը դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Չորս տարի երևանյան միջոցառման գլխավոր գործընկերը եղել է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային ցանկը: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Հայաստանը ներկայացված էր ցանկում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով և «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:
 
Արամ Խաչատրյանը ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ՝ նա ընդունվում է մի փողային նվագախումբ: 1915 թվականին երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար)՝ Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
 
1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։ Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թվականին Գնեսինն Արամին առաջարկում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է ռուս հայտնի կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Նրա առաջին խոշոր աշխատանքը «Առաջին սիմֆոնիան» է։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
 
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»: 1936-1947 թվականներն ամենաբեղմնավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա երաժշտություն գրում է դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, ինչպես նաև երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»: 1956 թվականի dեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և՛ Մոսկվայում, և՛ Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:
 
Աղբյուրը` www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.