News

Վարչապետը բարձր է գնահատում Դիլիջանի միջազգային դպրոցի նշանակությունը Հայաստանի զարգացման հարցում

Educational 2014-02-10

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բարձր է գնահատում Դիլիջանի միջազգային դպրոցի նշանակությունն ինչպես Դիլիջանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հարցում: Այս մասին կառավարության ղեկավարն ասել է դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը:
«Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարևոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաև այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», - ասել է վարչապետը:
 
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ քաղաքացիները կգնահատեն այս օբյեկտի կարևոր նշանակությունը ոչ միայն Դիլիջանի, այլ ընդհանրապես, մեր երկրի կյանքում, քանի որ դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա ունենալու է իր տեղն ու նշանակությունը և համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ դրա արդյունքում կբարձրանա նաև մեր երկրի համբավը:
 
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի Դիլիջանի միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
 
Դպրոցական համալիրը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բազմաֆունկցիոնալ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ: Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար:
 
2013 թ. հոկտեմբերի վերջին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ և ստացել «UWC Dilijan» անվանումը: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել ՀՀ 17 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:
 
Դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 
Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
 
Հայաստանցի երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը՝ մոտ 30 տոկոս։
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.