News

Կրթական բովանդակությամբ «Արմթաբ» պլանշետները կկիրառվեն հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում

Educational 2014-02-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հայկական առաջին «Արմթաբ» պլանշետի շնորհանդեսին հայտնել է, որ «Արմթաբ» պլանշետը հայկական է լինելու նաև կրթական բովանդակությամբ, որը կկիրառվի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում:
Նախարարն ասել է, որ «Արմթաբ»-ի հայտնվելը մեկ տարով մոտեցրել է Կառավարության` պլանշետները դպրոցներում ներդնելու ծրագիրը, որը նախատեսված էր 2016թ.-ի սեպտեմբերի 1-ից գործարկելու համար:
 
«Մենք կարծում ենք, որ «Արմթաբ»-ը հայկական է լինելու ոչ միայն իր արտադրական առանձնահատկություններով, այլ այն հայկական պետք է դառնա այն միջավայրով, այն բովանդակությամբ, որը պետք է դրվի այդ գործիքի մեջ, իհարկե, նախևառաջ կրթական բովանդակությամբ»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական կրթական համակարգչային ծրագրեր վերջին տարիներին շատ են մշակվում, սակայն այդ գործիքի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի միասնական կրթական բովանդակություն դպրոցների տարրական դասարանների համար: «Պլանշետը սառցաբեկորի գագաթն է ընդամենը այս աշխատանքի, որն իրականում տարվել և տարվելու է ձեզ համար շատ հաճախ անտեսանելի ուղղություններով»,- նշել է ԿԳ նախարարը:
 
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու պլանշետն արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը ստորագրել են Հայաստանում վերոնշյալ կրթական նախաձեռնության ներդրման հուշագիր: ««Հայկական մեկ պլանշետ` մեկ երեխա» ծրագիրը պետք է դառնա լավագույն ծրագրերից մեկը` համաշխարհային մասշտաբով մի շարք երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքում: Կարծում եմ, մենք դեռ այստեղ և' աշխատելու, և' հաջողությունների ակնկալիք ունենք»,- ասել է  նախարարը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.