News

«Հայրենասիրությունն իմ էությունն է» խորագրով բաց դաս

Educational 2014-02-06

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 22-ամյակին: Հայոց բանակին նվիրված այս տարվա միջոցառումը տարբերվում Էր նախորդներից նրանով, որ հրավիրվել էր դպրոցի նախկին սան՝ Մխիթար Կարենի Վարդանյանը: Վերջինս մեկն է այն քաջ հայորդիներից, ովքեր կարողացան անձնազոհ կերպով ետ մղել 2014թ.-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական բանակի կողմից կազմակերպված դիվերսիան:
Մխիթարը նախ մասնակցեց ռազմագիտության դասին: «Հայրենասիրությունն իմ էությունն է» խորագրով անցկացված դասի ընթացքում նա պատմեց սարսափելի ու հերոսական գիշերվա մանրամասները, իրենց անձնուրաց գործողությունների ու ընկերոջ՝ Արմեն Հովհաննիսյանի մասին, ում համար այդ գիշերը եղավ վերջինը:
 
Դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար դասը շատ ոգևորիչ էր ու դաստիարակիչ: Մխիթարի և նրա ընկերների քաջությունն և խիզախությունը փոխանցվեց նրանց, հասկացան, որ կռվելով ու պայքարելով կարելի է ապացուցել, որ հայոց բանակը անհաղթելի է: Դասի ընթացքում աշակերտները ապրեցին հպարտության, հիացմունքի, հայրենասիրության վեհ պահեր:
 
Այնուհետև Մխիթար Վարդանյանը մասնակցեց «Հայոց հաղթական բանակ» խորագրով միջոցառմանը: Նա, իհարկե, ստացել է մեդալներ ու պարգևներ թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ կառավարության կողմից: Սակայն նրա համար թանկ ու կարևոր էր նաև շնորհակալագիրը, որը ստացավ հարազատ դպրոցի տնօրինության կողմից: 
 
Մխիթարի, նրա ընկերների ու բոլոր ժամանակների հայ զինվորների հանդեպ աշակերտները արտահայտեցին իրենց ակնածանքն ու հարգանքը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայոց բանակի կազմավորման պատմությունը, ինչպես նաև՝ կառուցվածքն ու անցած ուղին: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, խոսքեր, բանաստեզծություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.