News

Անդրադարձ` մի շարք բարձրարվեստ հուշարձանների հեղինակ Սուրեն Նազարյանին

Featured 2014-02-04

Հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Նազարյանը (1929թ., Երևան - 1999 թ., Լոս Անջելես) սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Ավարտելուց հետո, նույն ուսումնարանում, նա կրթել և իր փորձն է փոխանցել տաղանդավոր արվեստագետների մի քանի սերունդների՝ Երվանդ Գոջաբաշյան, Արա Շիրազ, Յուրի Պետրոսյան և ուրիշներ։
Նա ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ: Վազգեն Առաջինի պատվերով իրականացնում է «Հայկական եկեղեցիներ» հարթաքանդակների շարքը Ամենայն Հայոց կաթողիկոսի վեհարանում։
 
Նազարյանը իրեն դրսևորելով մոնումենտալ քանդակագործության ասպարեզում՝ դառնում է մի շարք բարձրարվեստ հուշարձանների հեղինակ։
 
Սուրեն Նազարյանը մոնումենտալ քանդակագործության լավագույն վարպետներից է։ Կերպարի ճշմարտացի մեկնաբանմանը քանդակագործը հասնում է առաջին հերթին անհատական վառ երևակայության և բարձր վարպետության շնորհիվ։
 
Սիմվոլիկ արտահայտչաձևերը, ծավալները, Նազարյանին հատուկ մոնումենտալ ընդհանրացումները, ընդգծված ներքին դինամիզմը նրա ստեղծագործությունները դարձնում են տպավորիչ և անկրկնելի։
 
Լավագույն աշխատանքներից են Ս. էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964, ֆելզիտ, ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան), Ֆրիկի հուշարձանը Մատենադարանի առջև (բազալտ, 1967), «Բերքի տոն» (բրոնզ, 1967),Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը (կոփածո պղինձ, ֆիլզիտ, 1970, համահեղինակ է Թերեզա Միրզոյան),Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Ղազախստանի Տեմիրթաու քաղաքում (կոփածո պղինձ,1974), Գայի հուշարձանը Երևանում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1977, ճարտարապետ Սարգիս Գուրզադյան), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հուշահամալիրը Սանահինում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1982, ճարտարապետ՝Սարգիս Գուրզադյան), Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Մալաթիա-Սեբաստիա համայնքիՀաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985, բրոնզ, գրանիտ, բազալտ, ճարտ ՝ Գարրի Ռաշիդյան, Երևան), «Ավետում» հարթաքանդակը (1986, տուֆ, ճարտ.՝ Գարրի Ռաշիդյան, Էջմիածնի կենտրոնական փոստատուն), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987, տուֆ, Սամարայի մետրոպոլիտենի «Պոլյոտ» կայարան)։
 
Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ԱՄՆ-ում՝ մեծ փափագ ունենալով իրականացնել 1988թ.-ին մրցանակաբաշխությամբ շահած Երևանի Հանրապետության հրապարակի թանգարանային շենքի քանդակային ձևավորման նախագիծը։
 
1976 թվականին Երևանում տեղադրվել է Գայի (Հայկ Բժշկյանցի) հուշարձանը: Ասում են, որ այս ձիարձանն աշխարհում ամենամեծն է ու ամենաբարձրը` հենված 2 ոտքի վրա: Լուսանկարը` քանդակագործ Սուրեն Նազարյանի արխիվից:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.