News

Տեղի ունեցավ ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը

Educational 2014-01-24

Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով  բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության  իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:
 
«Աբողջ աշխարհում ընդունված է, որ այն երկրները, որոնց բուհերը հասկանալի պատճառներով չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգերում, մշակում են սեփական վարկանիշավորման համակարգերը: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ: Նշեմ, որ ազգային համակարգը մշակվել է` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը. ավելին` համակարգի մշակման գործընթացում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր եղել են, օրինակ, Շանհայի և այլ միջազգային վարկանիշային համակարգերի հեղինակներ: Այսինքն` մենք ներկայացնում ենք տեղայնացված, ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, մեր կրթական միջավայրին հարմարեցված, բայց միջազգային փորձի վրա խարսխված տեղեկատվություն, որը կրում է փորձնական բնույթ: Այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է տասնյակ չափանիշներ, մեկ տարվա ընթացքում լրամշակման կարիք ունի, որպեսզի արդյունքում ստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
Նախարարը նաև հավելել է, որ նախարարությունը շնորհակալ կլինի բոլոր մասնագիտական կարծիքների համար: Վարկանիշավորման մշակման գործընթացի վրա մեծ ազդեցություն  է ունեցել սոցիոլոգիական հարցումը, որն արվել է` պարզելու հատկապես գործատուների շրջանում երիտասարդ կադրերի ներգրավվածության աստիճանը:
 
Նշենք, որ բացի Բոլոնիայի գործընթացի նոր տասնամյա ծրագրի գործողություններից, ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը նպատակ ունի Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երկու հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհակա, բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր, ինչպես նաև արվեստի բուհեր:
 
ՀՀ  բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգը հանրությանը հասանելի կլինի հունվարի 24-ից, ranking.armedu.am կայքում:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.