News

Սերգեյ Խաչատրյան.աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը

Featured 2014-01-23

Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է Credit Swiss շվեյցարական բանկի ամենամյա մրցանակին՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:
Հայ ջութակահարին պարգևատրելու մասին ժյուրին հայտարարել է հունվարի 18-ին՝ Վիեննայում: Մրցանակի հետ Սերգեյ Խաչատրյանը ստացել է նաև դրամական պարգևատրում՝ 75 հազար շվեյցարական ֆրանկ, ինչն «ամենաթանկարժեք» պարգևներից մեկն է երաժշտության ոլորտում: Մրցանակը նախատեսում է նաև, որ Խաչատրյանը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմասնակցի համերգի, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին՝ դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
 
Պատասխանում է Սերգեյ Խաչատրյանը
 
- Սերգեյ, Դուք Հայաստանում ընդամենը 8 տարի եք ապրել, սակայն Ձեր հայերենը վարժ է, հարուստ, կիրթ։ Ձեր կերպարը, մտածելակերպը հայեցի են, հարազատ։ 
 
-Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, և՛ հայրս, և՛ մայրս դաշնակահար են։ Ես ունեմ մեկ քույր` Լուսինեն, որը նույնպես դաշնակահարուհի է։ Մեր ընտանիքը ներդաշնակ է ոչ միայն իր գեղագիտական ընկալումներով, երաժշտական ճաշակով ու զգացմունքային աշխարհով, այլև բարոյական ըմբռնումներով, արժեհամակարգով։ Իմ ծնողների համար իրենց զավակների մասնագիտական հաջողություններից շատ ավելի կարևոր էր, թե ինչպիսին են նրանք կենցաղում, պարզ, մարդկային փոխհարաբերություններում։ Եթե Դուք տեսնեք մեր բնակարանը Գերմանիայում, կթվա` հայրենիքում եք։ Մեր ներաշխարհը, մտածելակերպը, արժեքները ձևավորվել են հայրենիքի ու հայկականության հենքի վրա։ Մեր մեջ շատ ամուր է ընտանիքի ավանդույթը, ինչով էապես տարբերվում ենք այլ ազգերից։ Օրինակ, բացառիկ է մեր հարգանքը ծնողի հանդեպ, ընտանիքի անդամների կապվածությունը։ Ընտանեկան փոխհարաբերություններում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ամբողջացնում են հայ ընտանիքի նկարագիրը։
 
- Հատկապես ինչո՞վ եք հպարտանում։ 
 
- Նախ մեր ժողովրդի պատմությամբ, նրա մաքառումներով, կենսունակությամբ, իր ինքնությունը պահպանելու ջանքով։ Հպարտանում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեքներով, մշակույթով։ Լրագրողները երբեմն ինձ խնդրում են համեմատել Հայաստանն ու Գերմանիան, երկու երկրների մշակութային իրողությունները… Դրանք անհամեմատելի երևույթներ են, քանի որ անհամեմատելի են նրանց պատմությունը, անցած ուղին։ Մեր ժողովրդի ճակատագիրը դաժան է եղել, բայց մենք կարողացանք բարձրանալ բոլոր օրհասներից ու փորձում ենք շտկել մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք, քանի որ տաղանդավոր ազգ ենք, աշխատասեր ենք, մեծ կամք ունենք ու երբեք չենք կորցնում հույսը։ Պարզապես, մենք պիտի կարողանանք ցանկացած բնագավառ զարգացնել ոչ թե անհատների էնտուզիազմի, այլ ընդհանուր մտածելակերպի, քաղաքականության, կանոնակարգված մոտեցումների միջոցով։
 
- Սերգեյ, ինչո՞ւ հենց Դուք կարողացաք այդքան բարձրանալ, ի՞նչն է Ձեր մեջ բացառիկ։ 
 
- Այ, երբեք այդ մասին չեմ մտածել։ Ինչո՞ւ հենց ես: Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Մի գաղտնիք ասեմ. այնքան էլ մեծ ջանքեր չեմ դրել այս ամենին հասնելու համար։ Օրը 12 ժամ չեմ պարապել, խաղացել եմ բակում, ծեծել-ծեծվել եմ, նորմալ տղա եմ եղել։ Գիտեք, ես ինչ էլ որ անում եմ, ուզում եմ լավ անել։
 
- Ձեր նվագի մեջ կա՞ ազգային շեշտադրում, երբ ասենք` Բախ կամ Բեթհովեն եք նվագում։ 
 
- Չի կարող չլինել։ Ես Բեթհովենի միջոցով արտահայտում եմ իմ ապրումները, իսկ դրանք հայի ապրումներ են։ Օրինակ, երբ որեւէ մեկը հայկական երաժշտություն է նվագում, ես կարող եմ անսխալ ասել նվագողը հայ է, թե արտերկրացի։ Հայկականության շունչը կա հայ յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ։
 
Ու որքան նրա ստեղծած արվեստը բարձր է, այնքան ուժեղ է հայկականության ակունքը։ Ես շատ եմ հպարտանում, երբ իմ հայրենակիցների մասին արտերկրում խոսում են մեծարանքով, մենք միջազգային մասշտաբի անուններ ունենք։ Նյու Յորքում ցուցահանդես էի այցելել և հայի ազգանուն տեսա, շատ ուրախացա։ Մենք առանձնահատուկ ենք, ինքնատիպ ենք։ Եվ դա հրաշալի է։ Մենք շատ կենսունակ ենք. մեր մեջ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր արվեստն ու մշակույթը կպահպանեն հայրենիքում, և մարդիկ, ովքեր աշխարհին ցույց կտան մեր մշակույթի ուժը, մեր ժողովրդի տաղանդը։ Ես մեծ հարգանք ունեմ հատկապես առաջինների հանդեպ, ովքեր կարողացան ապրել անչափ ծանր պայմաններում ու զբաղվել արվեստով։
 
Աղբյուրը` 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.