News

Էկրանավորվեց Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը

Featured 2014-01-22

«HY pictures» ընկերությունը Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա մուլտֆիլմ է նկարահանել: Ընկերության գործադիր պրոդյուսերը նշեց, որ աշխատել է նաև Նարեկացի արվեստի միությունում և այս մուլտֆիլմը Նարեկացիի արտադրանքն է:
«Երևի գիտեք, որ Հայաստանում այդպիսի ծրագիր կա, որով տարբեր երկրներից արմատներով հայ կամավորներ գալիս են Հայաստան, կատարում տարբեր աշխատանքներ: Ֆրանսիայից եկավ Մայդա Շանդեզ Ավագյանը, ով ցանկություն հայտնեց աշխատել երեխաների հետ Շուշիում: Այնտեղ սովորեցնում էր երեխաներին թղթից տիկնիկներ պատրաստել, տարբեր կիրառական ձեռքի աշխատանք և նկարչություն, նաև ստվերների թատրոն: Այդ ընթացքում Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին նկարեցին փոքրիկ պատմություն՝ օգտագործելով մանրանկարչությունն ու թղթե կերպարներ: Այն կոչվում է «Գիրք մանկանց»:
 
Այնուհետև զարգացրեցինք այդ մտահղացումը ու որոշեցինք մուլտֆիլմ նկարահանել: Քանի որ այդ տարին Նարեկացի արվեստի միությունում հայտարարել էինք թումանյանական, որոշեցինք հենց նրա հեքիաթներից մեկն էլ վերցնել: Երկար քննարկումներից հետո կանգ առանք «Ծիտը» հեքիաթի վրա: Ես ու Մայդան երկու ամիս աշխատեցինք սցենարի վրա: Այնուհետև Մայդայի օգնությամբ Շուշիի երեխաները պատրաստեցին մուլտհերոսների տիկնիկները, և նկարահանումները նույնպես կատարվեցին Շուշիում՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում»-, ասաց պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը:
 
Հեքիաթասացին մարմնավորել է Կարեն Ջանգիրովը, ծտին՝ հնգամյա Ավետիս Իսկենյանը: Մոնտաժը կատարել է Գայանե Խաչատրյանը, հնչյունային ռեժիսորը Արմեն Եգանյանն է: Երաժշտության հեղինակը Արտո Թունջբոյաջյանն է, ով ամբողջ ընթացքում շատ օգնել է թիմին իր խորհրդներով ու մտքերով: Մուլտֆիլմը վեց-յոթ ամսվա աշխատանք է:
 
Ա. Ավանեսյանն ասաց, որ այժմ աշխատում են մուլտֆիլմի թարգմանության վրա՝ անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն լեզուներով:
 
«Մուլտֆիլմը շատ է դուր գալիս երեխաներին: Երեխաները սովոր են, որ հեքիաթներում լինում են չար ու բարի հերոսներ, բայց կոնկրետ այս հեքիաթում դժվար է այդ բաժանումն անել. ծիտը չարաճճի է, անշնորհք, բայց միաժամանակ բարի է ու շատ հետաքրքիր: Շատ է մոտ մեր մշակույթին՝ մարդիկ մի լավություն անում են, հետո գնում-գալիս ու հազար անգամ ավելին են ուզում»,- ասաց մուլտֆիլմի պրոդյուսերը:
 
Նա նշեց, որ ցանկանում են մուլտֆիլմը ներկայացնել միջազգային փառատոներում: Ըստ Ա. Ավանեսյանի, ունեն ծրագրեր, նախագծեր, որոնք, ֆինանսավորման դեպքում, առաջիկայում կիրականացնեն:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.