News

Կառավարության նիստի օրակարգում կքննարկվի տարկետման իրավունքը

Educational 2014-01-22

Հունվարի 23-ին տեղի կունենա կառավարության հերթական նիստը, որի օրակարգում մի շարք այլ թեմաների շարքում կքննարկվի նաև հերթական օրենսդրական փոփոխությունը, որով վերացվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածում և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
 
Մինդեռ գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին՝ առանց որևէ կարգի ու պայմանագրի, որոնք պարտադիր զինվորական ծառայության են  կանչվում մինչև 27 տարեկան դառնալը:
 
Եթե օրինագիծն հավանության արժանանա, ըստ էության, կսահմանվի տարկետման անհատական կարգ՝ հիմնված հիմնականում գրավի պայմանագրի վրա: Մնացած բոլոր դեպքերում տարկետման իրավունքը արտերկրում սովորողների համար այլևս չի գործի:
 
Թեև նախագիծը ներկայացնում է կրթության և գիտության նախարարը, սակայն օրենսդրական նախաձեռնության համահեղինակը պաշտպանության նախարարությունն է: Այս օրենսդրական փոփոխությամբ փորձ է արվում լուծել բանակի համալրման հարցը, որը, արտագաղթի և ծնելիության նվազման տեմպով պայմանավորված, վերջին տարիներին մեծ խնդրի է վերածվել:
 
«Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երևույթի շարժառիթը հիմնականում հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
 
Օրենսդրական այս փոփոխության մասին կառավարական կուլիսներում վաղուց էր խոսվում. նախնական խոսակցությունների համաձայն՝ գրեթե ամբողջությամբ վերացվելու էր տեղական բուհերում սովորողների տարկետումը, սակայն միջպետական ծրագրերով արտերկրում սովորողների պետպատվերը պահպանվելու է: Սակայն մեր տեղեկություններով՝ այս տարբերակին միահամուռ կերպով ընդդիմացել են Հայաստանի բուհերի ռեկտորները, ուստի որոշվել է վերացնել ոչ թե տեղական բուհերի, այլ oտարերկրյա բուհերի համար նախատեսված տարկետումը: Թեպետ տեղական բուհերի համար ևս պետպատվերով և տարկետմամբ տեղերը, որոնք ամեն տարի սահմանում է կառավարությունը, տարեցտարի նվազում են:
 
Եթե օրինագիծն ընդունվի, այն գործելու է հրապարակման 10-րդ օրը: Իսկ սա նշանակում է, որ հենց այս ուսումնական տարում տարկետման իրավունքը այլևս չի գործի: «Զինապարտության մասին» օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար կառավարության անհատական որոշումներով կարող է տրվել տարկետում` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր/գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/կնքելու պայմանով: Սա նշանակում է, որ արտերկրում սովորող ուսանողը հայրենիք չվերադառնալու և բանակում չծառայելու դեպքում վտանգում է իր ընտանիքի գույքը:
 
Միջին և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար օրենքի այս տարբերակը, անշուշտ, զսպաշապիկ կհանդիսանա, որպեսզի բանակից խուսափելու դեպքերը նվազեն: Սակայն մյուս կողմից սա սահմանափակում է միջին և աղքատ ընտանիքների երեխաների՝ արտերկրում սովորելու հնարավորությունը. ստացվում է, որ եթե նրանք չունեն գրավադրման գույք, կզրկվեն միջպետական պայմանագրով սովորելու հնարավորությունից: Օրենքի նախագծին, ի դեպ, բացասական եզրակացություն են տվել արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները՝ նշելով, որ օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին: Օրինագծի շուրջ, հավանաբար, կրքերը կշիկանան, ու թեժ քննարկում կծավալվի:
 
Աղբյուրը` hayeli.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.