News

Դպրոցների վարկանիշավորման համակարգը թույլ կտա օբյեկտիվ տեղեկություն տրամադրել հանրությանը

Educational 2014-01-20

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ համակարգի նպատակն է դպրոցների վերաբերյալ օբյեկտիվ և ամփոփ տեղեկություն տրամադրել հանրությանը:
 
«Համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ աշխարհի այն երկրներից մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետեւողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները»,- նշել է Արմեն Աշոտյանը:
 
Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:
 
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: «Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են. ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի՝ քաղաքային և գյուղական, ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
 
Նախարարի տեղակալի խոսքով`  վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:
 
Հիշեցնենք, որ վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է 2013 թ.-ին, որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.