News

Մատենադարանը շարունակում է թվայնացնել ձեռագրերը

Featured 2014-01-20

Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական, ձեռագրերի թվայնացման աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը հայտնում է, որ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի 4000 ձեռագիր արդեն թվայնացվել է:
«Մենք հաշվում ենք էջերով, իսկ թե քանի ձեռագիր կլինի, չեմ կարող ասել: Ամեն տարի մոտ մեկ միլիոն էջ թվայնացվում է: Առաջնահերթ թվայնացվում են միջնադարյան ձեռագրերը, արխիվային ամենակարևոր փաստաթղթերը»,- նշել է նա: Գ. Գասպարյանի խոսքով, այսօրվա եղած ամբողջ հավաքածուի թվայնացումը կտևի 7-8 տարի, սակայն հավաքածուն անընդհատ համալրվում է:
 
Նշենք, որ Մատենադարանում են պահվում ավելի քան 20.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ...
 
Ձեռագրերի թվայնացման աշխատանքների համակարգողն ասաց, որ թվայնացված ձեռագրերին կարելի է ծանոթանալ այցելելով Մատենադարան: Նրա խոսքով, դրանցից օգտվողները բավականին շատ են:
 
Նշենք, որ թվայնացված ձեռագրերը չեն տեղադրվում Մատենադարանի պաշտոնական կայքում, սակայն մի քանի օրինակներ, ծանոթանալու համար, կայքում ներկայացված են:
 
Դեռևս 2007 թվականի կեսերին Պիեռ Գյույումջյանի նվիրաբերած թվայնացման սարքով Մատենադարանում հիմք դրվեց հին ձեռագրերի թվայնացման աշխատանքներին: Դրան հաջորդեց Ավստրիայի «Վեստիջիա» ձեռագրերի հետազոտման կենտրոնի հետ Մատենադարանի կնքած համագործակցության պայմանագիրը, որի արդյունքում, որպես առաջին քայլ, Վեստիջիան Մատենադարանին տրամադրեց «Traveller TCCS 4232» մակնիշի մեկ թվայնացման սարք: Այս երկու սարքերը հնարավորություն են տալիս լուծելու Մատենադարանի ձեռագրական հավաքածուների տվյալների շտեմարանի ստեղծման կարևորագույն խնդիրը, ինչը նոր տեխնոլոգիաների կիրառման հիմնաքարն է և միաժամանակ լուծում է ձեռագրերի պահպանության և անվտանգության բազմաթիվ խնդիրներ: Տվյալների շտեմարանի համակարգչային դասակարգման և կառավարման ծրագիրը ըստ Մատենադարանի ներկայացրած չափորոշիչների պատարաստվում է «ԱՎԻԱԻՆՖՈՏԵԼ» կազմակերպությունում:
 
Աղբյուրը` panorama.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.