News

Նախարար Արմեն Աշոտյանի հաշվետու ասուլիսը

Educational 2013-12-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մատենադարանում ամփոփել է ընթացիկ տարվա նախարարության հաշվետվությունը: Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգի համար, անկախություն ձեռք բերելուց ի վեր, որևէ տարի հեշտ չի եղել. անցած տարիներից յուրաքանչյուրը համակարգի առաջ նոր մարտահրավերներ է դրել:
Ամփոփելով ընթացիկ տարին` Արմեն Աշոտյանը նշել է հինգ կարևորագույն ձեռքբերումներ: Նախ, ընթացիկ տարվա ընթացքում մշակվել և կյանքի է կոչվել ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն կտա պետությունից ստանալ հավելյալ աջակցություն:
 
Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, կրթության համակարգի միջազգայնացումն է: Այդ կապակցությամբ նախարարն առանձնացրել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը: Միջազգայնացման շրջանակներում մյուս կարևոր ձեռքբերումը ՀՀ բուհերի՝ այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրերի մասնակցելն ու շահելն է, այդ թվում՝ 18 ՏԵՄՊՈՒՍ ծրագիր: 
 
Երրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, բուհական ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումն է: Այս համատեքստում նախարարը  կարևորել է ՀՊՃՀ-ում Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը, որն ամրագրված էր նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում: 
 
Որպես չորրորդ ձեռքբերում նշվել է այն փաստը, որ պետությունը նախակրթարանների ստեղծումը դիտարկում է որպես գերակա ուղղություն. 73 նախակրթարանների բացում բոլոր մարզերում և Երևանում: Նախարարի խոսքով` ևս 1800 երեխա այդպիսով նախադպրոցական կրթության հնարավորություն է ստացել: 
 
Եվ, վերջապես, հինգերորդ ձեռքբերումը, ըստ նախարարի, այն է, որ Հայաստանը, լինելով Բոլոնիայի քարտուղարարության ղեկավարությունը ստանձնած երկիր, կարողացել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները փայլուն իրականացնել: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացված գործընթացներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ 2013 թվականին առաջին անգամ հաստատվել և կյանքի է կոչվել դպրոցների վարկանիշային համակարգը, որի արդյունքները կներկայացվեն հաջորդ տարի: Բացի այդ, այս տարի ավարտվել է «Շախմատ» առարկայի ներդրման ծրագիրը. շախմատի դասընթացներ են անցկացվում նաև չորրորդ դասարաններում:
 
«Միջազգային օլիմպիադաներից հայ դպրոցականները վերադարձել են տասնհինգ մեդալով, ինչը նշանակում է, որ մեր երեխաների՝ նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը /16 մեդալ/ պատահական հաջողություն չէր, այլ կայուն հիմքերի վրա դրված գործընթացի արդյունք: Մենք ակնկալում է, որ 2014 թվականին մեդալների թիվը կմեծանա»,-նշել է Ա. Աշոտյանը:
 
Ասուլիսի ավարտին նախարարը, շնորհավորելով ներկաներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ կրթության ու գիտության ոլորտում իրականացվող քաղաքականության հանրայնացման և հասարակական կարծիքի ձևավորման համար:
 
Աղբյուրը` www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.