News

Համաշխարհային բանկը ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Educational 2013-12-17

Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ:

Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են  բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:

Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ  կրթական բարեփոխումները  ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաև բանկը: Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ  նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել է 275  նախակրթարան: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել և նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական  ուսումնական հաստատություններ չեն ունեցել:

Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ  ավելացել է  երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների և մանկավարժների համար: ՀԲ-ն ներկայացրել է նաև ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է:

Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հասատատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, և մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների և հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին:

Նշվում է նաև, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել  Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում:

ՀԲ-ն ներկայացրել է նաև միջազգային և տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:

Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.