News

Հայեցի խոսքով

Educational 2013-12-16

Այսօր հաճախակի են դարձել տրտունջներն այն մասին, որ հայ երեխան այլևս չի կարդում, թե համացանցը իր գայթակղիչ որոգայթն է առնում նրան, թե դարերով պաշտած գիրքն ավելորդ է դարձել: Բոլորովին վերջերս` նոյեմբերի 6-ին, երբ Արթիկի թիվ 4-րդ դպրոցի դահլիճը կրկին իր դռներն էր բացել տարածաշրջանի դպրոցականների առաջ, մենք հաճելիորեն զարմացանք, քանի որ լեփ-լեցուն դահլիճում գրեթե տեղ չկար:

Այս անգամ երեխաներն եկել էին Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի բարձր հովանու ներքո կազմակերպված ասմունքի մանկապատանեկան մրցույթին մասնակցելու համար:

Հայոց բառ ու բանը թրթռում ու դողում էր մանուկների շուրթերին, վարարում ու հորդում էր հույզը, ծորուն երգ էր դառնում ու լինելիության խորհուրդ:

Անաչառ ժյուրին կատարեց ճիշտ ընտրություն: Մրցութի մարզային փուլին մասնակցեցին նաև Արթիկի թիվ 4-րդ դպրոցի աշակերտներ Տաթևիկ Երիցյանն ու  Դավիթ Խնկոյանը:

Շիրակի մարզից մրցույթին մասնակցում էր տարբեր տարիքային խմբերի շուրջ հարյուր աշակերտ: Ծով հուզմունքը, սպասման տագնապը, հայոց խոսքի մեծերի  ոգեղեն ներկայությունը  միախառնվել էին իրար ու ջերմացնում էին փոքր-ինչ ցուրտ դահլիճը: Տպավորիչ էր ժյուրիի կազմը` Գուժ Մանուկյան, Ռազմիկ Դավոյան, Սարգիս Նաջարյան, Էվելինա Շահիրյան, Գարիկ Չեպչյան, երիտասարդ պոետներ, ասմունքի վարպետներ: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին  ուշ երեկոյան: Անթաքույց հրճվանքով ու վաստակած բերկրանքով  իրենց սանին` Տաթևիկ Երիցյանին, իրենց գիրկն առան մայրենիի ուսուցչուհի Լ. Կարախանյանն և փոխտնօրեն Ն. Գրիգորյանը, երբ իրենց սանի անունը լսեցին հաղթողների ցուցակում:

Դպրոցի մանկավարժական և աշակերտական հանրությունը հաջողություն են մաղթում Տաթևիկ Երիցյանին և մրցույթի հանրապետական փուլում ևս կամենում հաղթանակ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.