News

Օրակարգում Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագիրն է

Educational 2013-12-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ նոր վարկային ծրագրի մանրամասները:

Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բարեփոխումների գործում՝  ԿԳ նախարարը նշել է, որ  վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, կարևորել է նախադպրոցական կրթության, նորարարությունների հիմնադրամի և ԿՏԱԿ-ի կարողությունների զարգացմանը միտված ուղղությունները:

Բացի  այդ, նախարարը հատուկ ընդգծել է հանրակրթական ուսումնական ծրագրերի վերանայման խնդիրը: Առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոն իր հերթին տեղեկացրել է, որ 2014 թվականի հունվարին նախատեսվում են համապատասխան քննարկումներ ՀԲ-ի խորհրդում, իսկ ծրագրի ներկայացումն ակնկալվում է մարտ ամսին:

Նշենք, որ նոր ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին,  միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, հիմնական կրթական ինստիտուցիոնալ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:

Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.