News

«Կոմիտաս… միանանք երգով»

Educational 2013-12-09

Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցը լցված էր կոմիտասյան երգի շնչով: Նախապես ներկայացված գովազդ-հայտարարության մեջ նշված էր. «Մուտքն` անկեղծ ժպիտով և երգելու մեծ ցանկությամբ»: Այդպես էլ ստացվեց:
«Կոմիտաս… միանանք երգով» խորագրով միջոցառմանը  մասնակցում էին դպրոցի 1-ից 4-րդ դասարանների 320 աշակերտ, որոնց երգով միացել էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը նպատակ ուներ Կոմիտասի անաղարտ երգի միջոցով ՙհակաբացիլ՚ ներարկել մեր մատաղ սերնդի հոգիներում` պաշտպանելով այսօրվա անճաշակ երաժշտությունից:
 
Ներկայացվում էր Կոմիտասի կյանքն ու գործունեությունը: Աշակերտների մեղրածոր ձայնը տարածվում էր դպրոցի ճեմասրահում: Նրանց միանում էր հանդիսատեսը` հնարավորություն ունենալով էկրանին հետևել բոլոր երգերի խոսքերին: «Չինար ես» և «Շուշիկի պարը» երաժշտությունների ներքո 4-րդ դասարանների գեղուհիները ներկայացրին իրենց հրաշալի պարերը: Շվիի քաղցրահնչուն ելևէջները «Կաքավիկ» երգով հիացրին բոլորին:
 
Միջոցառման անմիջական մասնակիցներն էին բոլոր դասվարները, ովքեր հանդես եկան Կոմիտասի «Ով, մեծասքանչ դու լեզու» երգի երգչախմբային երկձայն կատարումով:
 
Ցերեկույթն ամփոփվեց Պարույր Սևակի խոսքերով.
 
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.