News

Խաչբառի առեղծվածը

Featured 2013-11-30

Ամենատարածված բառային խաղն աշխարհում խաչբառն է: Ճիշտ է, ստույգ հայտնի չէ, թե երբ է ստեղծվել խաչբառը, բայց դրա առաջացման մի քանի վարկած կա:
 ԱՄՆ-ի համալսարաններից մեկի հավաքածուում 4000-ամյա հնության խաչբառ կա, որը հնագետները հայտնաբերել են Կրետե կղզու պեղումների ժամանակ: «Մոգական քառակուսի». այսպես էին կոչում դրան, որովհետև բառերը վանդակներում իրար հետ հատվելով՝ կարդացվում էին թե′ հորիզոնական և թե′ ուղղահայաց ուղղություններով: Ժամանակի ընթացքում խաչբառի այս տեսակը զարգացում չի ապրել և խաչբառը նորից է վերածնվել: Մեզ ծանոթ այսօրվա խաչբառը 19-20-րդ դարերում է ստեղծվել:
 
Խաչբառի ստեղծման բազմաթիվ վարկածներից մեկն էլ այսպիսին է. սովորական մի ավտոսիրող՝ Վիկտոր Օրվիլը, դատապարտվել էր ազատազրկման: Բանտախցում օրվա պարապը լցնելու համար նա իր մենախցի հատակին սկսեց քառակուսիներ նկարել և դրանց մեջ բառեր գրել: Այս զբաղմունքը նրան շատ գայթակղիչ թվաց, և Օրվիլն այն ավելի կատարելագործեց: Բանտարկյալը մի օր որոշեց իր կազմած խաչբառը տպագրության հանձնել Քեյպթաունի տեղական թերթերից մեկին: Սկզբում թերթի խմբագրին բանտարկյալի առաջարկը ծիծաղելի թվաց, հետո միայն, ուշադիր կարդալով, նկատեց դրա հետաքրքրությունը:  Տպագրվելուց հետո խաչբառն այնքան սիրվեց ընթերցողների կողմից, որ քաղաքի գրեթե բոլոր թերթերն ու ամսագրերը Օրվիլին պատվիրում էին խաչբառ կազմել իրենց համար: Երբ Օրվիլն ազատվեց բանտից, նրա հաշվին արդեն 9 միլիոն դոլար կար կուտակված:
 
Մինչև այսօր էլ Քեյպթաուն ժամանած հյուրերին ու զբոսաշրջիկներին ցույց են տալիս Վիկտոր Օրվիլի գերեզմանը, որի տապանաքարին այսպիսի մի մակագրությամբ խաչբառի ցանց է պատկերված. «Այստեղ հանգչում է Վ. Օրվիլը, մի մարդ, ով կորցրեց իր կյանքի երջանկությունը, բայց փոխարենը ստեղծեց մի բան, որը զվարճացնում է բոլորին»:
 
Ցավոք, Օրվիլի գյուտի տարեթիվը հայտնի չէ: 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.