News

Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի այցելությունը` Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

Educational 2013-11-29

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Երևանի օրերի կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ թիվ 2042 կրթահամալիր:
Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուները: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայումս սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:
 
Դպրոցի տնօրեն,  ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաև հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարևորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի և հայապահպանության հարցում:
 
Տարոն Մարգարյանն, իր հերթին կարևորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:
 
«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու և աջակցելու Երևանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է Տ. Մարգարյանը:
 
Այնուհետ, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել  է կրթահամալիրի գործունեությանն ու նաև մասնակցել Մոսկվայում Երևանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին:
Հատկանշական է, որ Երևանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:
 
Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին և  պարային համարներին:
 
Երեկույթի ավարտին սաների Երևան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորինս արագ կյանքի կոչելու ուղղությամբ:
 
Աղբյուրը` yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.