News

Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն. ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել դպրոցներին

Educational 2021-05-10

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:

Այս մասին հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջացոռւմը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատեց, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից: Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, կարևոր է հասկանալ, որ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Աղբյուր՝ 168․am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.