News

Բաց դաս` Ակնալճի միջնակարգ դպրոցի 9-րդ «ա» դասարանում

Educational 2013-11-20

Ս.թ. նոյեմբերի 15-ին Ակնալճի միջնակարգ դպրոցի 9-րդ «ա» դասարանում անցկացվեց դասղեկի բաց դաս, որը կրում էր «Հանդուրժողականություն» խորագիրը: Աշակերտները, դասղեկ Արմինե Խրլակյանի նախաձեռնությամբ, դասին պատրասվել էին ամենայն պատասխանատվությամբ:
Դասարանում սովորող 22 աշակերտները նախապես բաժանվել էին խմբերի:
 
Առաջին խումբը կրում էր «Հանդուրժողականություն» անվանումը, իսկ երկրորդ խումբը` «Անհանդուրժողականություն»: Գրատախտակին գծված էին սխեմաներ, որոնք աշակերտների օգնությամբ և մասնակցությամբ ամբողջացվեցին:
 
«Հանդուրժողականություն» խումբը նկարագրեց հանդուրժող մարդուն` զիջող, ներող, բարի, կամեցող, մեծահոգի, միևնույն ժամանակ կարևորեց հանդուրժողականության սահմանափակ լինելը, նշելով, որ անսահմանափակության դեպքում առաջ կգան այնպիսի իրավիճակներ, որոնք հասարակության համար կդառնան վտանգավոր` ամենաթողություն, անտարբերություն, դիմացինի իրավունքի ոտնահարում:
 
«Անհանդուրժողականություն» խումբը ներկայացրեց թեմային վերաբերող երեք դրսևորումները` անձնական, կրոնական, քաղաքական, նշեց, որ եթե չլիներ կրոնական անհանդուրժողականությունը, ապա հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի ժամանակ չէր ունենա մեկ միլիոն ու կես մարդկային զոհ թուրքերի կողմից, որը որակվեց որպես ցեղասպանություն: 
Հայ ժողովուրդը ոչնչացվեց միայն նրա համար, որ քրիստոնյա էր:Զուգահեռ տրվեց պարզաբանում, որտեղ շեշտվում էր անհանդուրժողականության բացասական կողմը` ոտնահարել դիմացինի իրավունքները, լինել եսասեր, արհամարհող, բռնություն կիրառող, ամենալայն իմաստով` պատրաստ ֆիզիկական ոչնչացման:
 
Դասն անցավ հետաքրքիր ու քննարկման թեժ մթնոլորտում, որն ուսուցողական էր, որի ժամանակ աշակերտները քննարկման արդյունքում իմացան հանդուրժողականության հասկացությունը, կարողացան բնութագրել հանդուրժողական մարդուն:
 Աշակերտները իրենց սովորածը կկարողանան կիրառել իրենց կյանքի ընթացքում` հանդուրժողական մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ, լինել բարի և բարեկիրթ:
 
Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.