News

Այսուհետ դասագրքերը կլինեն երկհատոր

Featured 2019-06-14

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է տարրական դասարանների դասագրքերը երկհատոր դարձնելու ծրագրին՝ հայտնելով, որ գրքերն արդեն իսկ հանձնվել են տպագրության։ «Երբ մենք խոսում ենք 1, 1.5, 2 կգ քաշի մասին, դրանք վերաբերում են գրենական պիտույքներին և գրքերին, այսինքն՝ դրա մեջ պայուսակի քաշը չի մտնում: Շատ հաճախ ծնողը պայուսակը վերցնում, ասում է, տեսեք որքան ծանր է պայուսակը, բայց երբ գրքերը և գրենական պիտույքները հանում ես, տեսնում ես, որ պայուսակի ծանրությունը դրանից չի նվազում, որովհետև ինքնին արդեն պայուսակը շատ ծանր է: Կոչ կանեմ ավելի թեթև, պարզ պայուսակներ երեխաների համար գնել, պետք չէ թանկ և ծանր պայուսակներ գնել»,- նշել է նախարարը։ Արայիկ Հարությունյանը հավելել է նաև, որ բացի տարրական դասարաններից, 5-12-րդ դասարանների գրեթե 40 անուն դասագիրք ևս կլինի երկհատոր։ «Երկար ենք աշխատել այս ուղղությամբ, որ կիսելու պրոցեսում ուսումնական պրոցեսը և բովանդակությունը չտուժի. տարրականները կիսվում են, իսկ 5-12-րդ դասարանների այս տարի վերատպվող շուրջ 40 անուն դասագիրք նույնպես կիսվում է»: «Այս անցումային փուլում առաջին դասարանցիների գրանցման հայտերի օնլայն հարթակում առաջացած տեխնիկական կամ գրանցման խնդիրների հետ կապված նախարարությունն ընդառաջել է ծնողներին: Հաջորդ տարիներին այդ խնդիրները չեն լինի, քանի որ համակարգը բաց կլինի, միանգամից նույն օրը լցնելու անհրաժեշություն չի լինի»,- այս մասին ևս լրագրողների հետ զրույցում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.