News

Ոտքի դատարանն է գալիս

Educational 2019-06-08

Մայիսի 22-ն էր: Վանաձորի թիվ 23 դպրոցը կազմակերպել էր միջոցառում Սբ. Նարեկացի եկեղեցու դահլիճում: Այն նվիրվում էր «Նեմեսիս»-ի կազմավորման 100-ամյակին: VIIIբ դասարանի աշակերտները (դասղեկ Հ. Խաչատրյան ) բեմադրում էին «Ոտքի, դատարանն է գալիս» փաստագրական դրաման: Հոգևոր տան կամարների ներքո հնչում էին «Ա~խ էն էրգրի հողին մեռնեմ» երգի ելևէջները: Քար լռություն էր տիրում, երբ հնչեց ուսուցչի Հ.Խաչատրյանի (ի դեպ նա էր միջոցառման կազմակերպիչը) խրոխտ ձայնը: Բացման խոսքում նա հակիրճ ներկայացրեց «Նեմեսիս»-ի կազմավորման և հայ վրիժառուների երդման մասին: Որոշված էր` Մեծ եղեռնի 650 ոճրագործներից 41-ը դատապարտվելու էին: Հայ վրիժառուների գնդակները չէին վրիպում. դրանցից մեկն էլ Ս. Թեհլերյանն էր, որի կրակոցը արթնացրեց աշխարհի հիշողությունը: Բեմում փոքրիկ դերասաններն էին, որոնք ամբողջովին մտել էին իրենց դերերի մեջ ու հմայում էին հանդիսատեսին: Ավարտվեց դրաման, ծափերի տարափը չէր դադարում, բայց միջոցառումը դեռ չէր ավարտվել: Կրկին հնչեց ուսուցչուհու խոսքը: Նա հիշեցրեց, որ աշխարհի մեծագույն հրեշներից մեկը` Հիտլերը, որ ժամանակին բարբաջել էր, թե հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը, արդյոք գիտե՞ր, որ եղեռնազարկ հայը պիտի հասնի Բեռլին, պիտի դրոշ ծածանի ու պարի իր ավանդական քոչարին: Իսկ հետո ասմունքեց «Հաղթանակի պարը»: Քիչ անց հնչեց զուռնայի ու դհոլի ձայնը, ասմունքն ու երաժշտության հնչյունները միախառնվեցին. թնդում էր ուսուցչուհու ձայնը, դահլիճը պայթում էր հիացմունքից: Ուսուցչուհին հավելեց, որ այս պարով ազդարարվել է Հայկի հաղթանակը և հասել մինչև Շուշի: Մարեցին վերջին բառերը, բայց, երբ ուսուցչուհին ուզում էր իջնել բեմից, սաներից մեկը ձայնեց. -Ուսուցիչ, իսկ մեզ ի՞նչ եք ավանդում: Եվ հնչեց պատգամը. -Ձեզ ավանդ իբրև, իբրև հրամայական` ահա. -Շենացրե՛ք ձեր երկիրը, հզոր հայրենին, կառչե՛ք մայր հողին, նրան տվեք ձեր մտքի և հոգու թռիչքը, հենվե՛ք սեփական ոտքերին, հզորացե՛ք ու միշտ հիշե՛ք, որ ուժեղից վախենում են, ուժեղի հետ հաշվի են նստում, ուժի դեմ տեղի են տալիս և ապա ձեր հայացքն ուղղեք դեպի երկիրն այն, որն անհամբեր ձեզ է սպասում: Փրկե՛ք Էրգիրը, դրախտավայրը հայոց, արեք դա ձեր մտքի ու բազկի ուժով, խելքով, ձգտեք հնարավորինս անարյուն հաղթանակների: Հավատացե՛ք, որ կգա օրը, երբ հայոց դրոշը կփողփողա պատմական հայրենիքում, և մեր հայրապետը մեռոն կեփի Աղթամարում: Ահա այս է ավանդս ձեզ` իբրև Հայոց աշխարհի ավանդ: Սաները ձեռքները կրծքներին ու գլուխները խոնարհած բարբառեցին. -Սրբությա՛մբ: Միջոցառմանը ներկա էին հայոց պանծալի բանակի սպաներն ու զինվորները: Գնդապետ Կ. Հովհաննիսյանն իր հիացմունքի ու շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման մասնակիցներին ու հանձնեց շնորհակալագիր: Իր օրհնանքը հղեց ավագ քահանա Տեր Վահան Ազարյանը: Նա արժևորեց աշակերտների ու ուսուցչուհու կատարած աշխատանքը և օրհնեց ճամփան: Հետո ծափերը, հույզերը, ծաղիկները, փոքրիկ Արևիկի «Սասունցիների պարը» հրաշալի ասմունքը դրեց վերջակետ միջոցառմանը; Եկեղեցին քիչ-քիչ դատարկվեց հանդիսականները գնացին` իրենց հետ տանելով հույզ ու ապրում, սեր ու հավատ: Այո՛, հզոր է ա՛յն ժողովուրդը, ով ունի այսպիսի սերունդ ու անմնացորդ նվիրյալներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.