News

Intel գիտատեխնիկական փառատոնին մասնակցելու հնարավորություն՝ հայ աշակերտների համար

Featured 2019-06-06

Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնելու Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair)։ Փառատոնը, որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար, ամեն տարի համախմբում է շուրջ 1800 աշակերտի՝ 75 երկրից։ Փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։ Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020 թվականին հնարավորություն կունենան մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին և իրենց ծրագրերով մրցել այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար: «Տարիներ շարունակ գիտությունը կտրված է եղել հասարակությունից, այդ իսկ պատճառով գիտական շատ հետազոտություններ չեն կիրառվել իրական կյանքում և չեն համապատասխանել գոյություն ունեցող պահանջներին։ Այժմ մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, և այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»-նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, այդ թվում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաքիմիայի, ռոբոտիկայի և այլն: Բացի առաջին տեղը գրաված ծրագրից, մրցույթում սահմանված է նաև երկու մրցանակ՝ յուրաքանչյուրը 50,000 ԱՄՆ դոլար պարգևով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաև այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար 3,000 1,500, 1,000 և 500 ԱՄՆ դոլար պարգևներով։ Մրցույթին մասնակցելու գործընթացի և չափորոշիչների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.