News

Արցախի հավաքականը մեկնարկել է հաղթանակով

Sports 2019-06-03

Արցախի հավաքականը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած մեկնարկային Արցախ-Սապմի հանդիպմանը հաղթել է 3-2 հաշիվ։ Արցախի հավաքականի կազմում գոլի հեղինակներ են դարձել Նորիկ Մկրտչյանը, Արսեն Սարկիսյանը և Դմիտրի Մալյական: Սապմիի հավաքականի կազմում գոլեր հեղինակեցին Բենջամին Զակրիսոնը և Քրիստոփեր Ավերսոնը։ Իր խոսքում Արցախի հավաքականի 20 համարի ֆուտբոլիստ, առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին: «Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Ն. Մկրտչյանը: Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի: Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Ս. Գաբրիելյանը: Խմբի մյուս խաղում Աբխազիայի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն: Մյուս խմբի խաղում Արևմտյան Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Հարավային Օսիայի հավաքականին։ Աղբյուրը՝ Artsakhpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.