News

Աշնանային մրգահանդես` Զորավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-04

Հոկտեմբերի 3-ին Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցում իսկական տոն էր: Դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու՝ դասվար Ռուզաննա Սարգսյանի ղեկավարությամբ դպրոցը դարձրել էին «աշնանային մրգապալատ»: Ուրախ տրամադրությունը թևածում էր կրթօջախի պատերի ներսում և պարուրել էր թե՛ աշակերտներին, թե՛ մանկավարժներին, և թե՛ ծնողներին: Դպրոցի միջանցքները զարդարվել էին աշնանային անտառի բազմազան տեսարաններով՝ քամու թևին պար բռնած տերևներ, ծառի ճյուղերից աչքով անող քաղցրահամ մրգեր, անտառի բնակիչներ:
Վերջապես եկավ սպասված պահը՝ազդարարվեց միջոցառման սկիզբը: Դահլիճում լսվեց «Մրգապալատի» մառանապետի  երգը և աստիճանաբար լռեցին բոլոր ձայները: Մանկագիր Երվանդ Պետրոսյանի «Մրգահանդես» բանաստեղծական ժողավածուի մոտիվներով ուսուցչուհի Ռուզաննա Սարգսյանը կազմակերպել էր երաժշտական բեմականացում, որտեղ աշակերտները ներկայանում էին   քաղցրահամ ու անուշաբույր մրգերի կերպարներով, իսկ դպրոցի դահլիճը վերածվել էր մրգապալատի: Աշակերտների մրգային հագուստները, դերասանական խաղն ու խոսքը, երգն ու պարը մեծ ոգևորություն հաղորդեցին ներկաներին: Ուուցիչ, թե աշակերտ հիացական հայացքներով հետևում էին «միրգ-դերասանների» խաղին, իսկ ուսուցչուհու հայացքից զգացվում էր մի ներքին անահանգստություն՝ հանկարծ փոքրիկները չշփոթվեն…
 
Միջոցառումն ավարտվեց, իսկ ներկաները չէին էլ զգացել, թե ինչպես անցավ այդ հիսուն րոպեն, իսկ փոքրիկները և ուսուցչուհին արժանացան գովասանքի և հոտնկայս ծափահարությունների:
 
Դպրոցի տնօրեն Հենրիետա Հովհաննիսյանը իր շնորհակալական խոսքում նշեց՝ «Երեխան դպրոցում է ծանոթանում գեղագիտության տարրերին, նրա մեջ մանկավարժն է զարգացնում սեր դեպի արվեստը, մշակույթը, սեր դեպի բարին ու գեղեցիկը: Չէ՞ որ գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ փոքրիկները մեր ապագան են, ուստի նրանք պիտի լինեն գեղեցիկի կերտողները»:
 
Դպրոցի տնօրինության կողմից դասարանը պարգևատրվեց շնորհակալական պատվոգրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.