Էմմա Գեղամյան
Դպրոց՝ ք. Եղվարդի թիվ 1 ա/դ
Դասարան՝ 12-դ
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսոցիչն է
Դեռևս մանկուց շատ եմ սիրել պարել: Մայրս միշտ ասում էր. «Դու թիթեռնիկ ես, դու պիտի միշտ ճախրես»: Ու այդ թիթեռնիկը ընդունվեց պարի դպրոց: Այնտեղ շատ երեխաներ կային, ինձ պես աղջնակներ` բալետի գեղեցիկ շրջազգեստներով: Նրանք ասես ծաղիկներ լինեին, որ հավաքվել էին արևի շուրջը: Իսկ այդ արևը իմ ապագա պարուսույցն էր` իմ ուսուցչուհին: Բարձրահասակ, երիտասարդ, գրավիչ արտաքինով և անթերի կազմվածքով մի արեգակ: Չգիտեմ` կահավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, բայց սիրեցի նրան միանգամից: Կյանքս փոխվեց. ապրում էի պարով, զգում էի պարը ու այն, ինչ չէր կարողանում արտահայտել միտքս բառերով, ասում էր մարմինս պարի միջոցով: Մեր խմբում շատ աղջիկներ կային, բայց, ինչպես պարուսույցս էր ասում, բոլոր այդ ծաղիկների մեջ միայն 3 վարդեր կային, որոնցից մեկն էլ հենց ես էի: Դե, երևի կհասկանաք` ինչպիսի հպարտություն էի զգում ես այդ պահերին, երբ ուսուցիչս ասում էր, որ իր արժանի հետնորդն եմ, որ շատ մեծ շանսեր ունեմ ու անպայման մեծ բարձունքների կհասնեմ: Նա միշտ խրախուսում էր մեզ, օգնում ու աջակցում: Մենք էլ փորձում էինք լավագույնս ներկայանալ:
Անցան տարիներ, և ես արդեն լիովին տիրապետում էի պարելու արվեստին:Չէ', «լիովինը» սխալ ասացի: Երբ տեսնում էի, թե ինչպես է պարում ուսուցչուհիս, հասկանում էի, որ նրա նման երևի երբեք չկարողանամ պարել: Նրա մարմնի շարժումներն ու երաժշտությունը այնքան ներդաշնակ էին, այնքան համահունչ, որ կարելի էր ժամերով նստել ու նայել, թե ինչպես է պտտվում այդ արեգակը, որը իմն էր, իմ ուսուցչուհին, իմ ոգեշնչման աղբյուրը, իմ միակ իդեալը: Հաճախ էինք մրցումների գնում ու հաղթանակած վերադառնում` բարձր պահելով մեր ուսուցչի պատիվը ու հեղինակությունը: Երազանքներս գնալով շատանում էին, կյանքս լցվում էր միմիայն պարով: Բայց ճակատագիրը ծաղրեց ինձ: Միայն կասեմ երկու բառով` հաշմանդամ դարձա: Հերթական մրցույթից հաղթանակած վերադառնալիս վթարի ենթարկվեցի, ու մի վայրկյանում փշրվեցին բոլոր երազներս: Դժվար է բառերով նկարագրել այն, ինչ զգում էի այն պահին, երբ գիտակցում էի, որ ողջ կյանքս պիտի անցկացնեմ հաշմանդամի սայլակին գամված: Թիթեռնիկի թևերը փշրվեցին ու հատիկ-հատիկ թափվեցին նրա արցունքների մեջ: Հոգեկան ծանր վիճակում էի, չէի խոսում ոչ ոքի հետ: Ոչ ոքի, բացի իմ արեգակից: Հավատացե'ք, միայն նա էր լիովին հասկանում ինձ: Երևի նրանից էր, որ ինքն էլ էր ապրում պարով ու հասկանում էր, թե ինչ քամահրանք էր դա ինձ համար: Մենք զրուցում էինք այնպես, կարծես հասակակաիցներ էինք, մեր տարիքային տարբերությունը հօդս էր ցնդել: Իմ կյանքի դժվարին պահին, երբ խամրել էր կյանքիս արևը, երբ հույսի ոչ մի նշույլ, ապրելու ոչ մի տենչ չէր երևում, իմ կողքին կար մի ուրիշ, մի մեծ արև, հույսի ու կյանքի մի ուրիշ աղբյուր: Այդ նա էր, այո', իմ պարուսույցը: Նա ինձ սովորեցրեց պայքարել, ապրել ու ապացուցել, որ ես ավելի ուժեղ եմ,որ ճակատագիրը չի կարող ծաղրել ինձ: Ամենից շատ կյանքում ծնողներիցս հետո հենց նրան եմ պարտական ու շնորհակալ, որ այդքան ուժ տվեց ինձ ու միշտ ջերմացրեց իմ կյանքը:
Հիմա ես արդեն համակերպվել եմ իրականությանը: Հաճախ եմ այցելում իմ դահլիճը, ուր թևածում էր հոգիս, ուր ճախրում էր երբեմնի թիթեռնիկը: Իսկ ուսուցիչս երբեք չի մոռանում ինձ, միշտ այցելում է ու իր ջերմությամբ շարունակում կյանքիս նոր ընթացք տալ: Գիտե՞ք` ես չեմ հուսահատվում, այլևս չեմ վախենում, պարզապես սպասում եմ, հավատում եմ, որ մի հրաշք կլինի, ու ես նորից կկարողանամ պարել, պարել իմ արեգակի հետ, նրա նման…