Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Էլինա Գեղամյան
Դպրոց՝ ք. Եղվարդի թիվ 1 ա/դ

Դասարան՝ 12-բ
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Դեռևս մանկուց ես շատ էի սիրում երաժշտությունը,ու իմ միակ երազանքը ջութակահար դառնալն էր:Ամեն կերպ ցանկանում էի նվագել: Վեց տարեկան էի,երբ առաջին անգամ ոտք դրի երաժշտական դպրոց`ջութակի դասարան ընդունվելու համար:Ինձ տարբեր վարժություններ հանձնարարեցին`ընդունակություններս ստուգելու համար:Ու բոլորը զարմացան.ես բացարձակ լսողություն ունեի ու ճիշտ վերարտադրում էի բոլոր նոտաները:Շա ՜տ էի ուրախացել,բայց ուրախությունս երկար չտևեց:Մեզ ասացին,որ հարկավոր է ջութակ գնել,իսկ ջութակը բավականին թանկ արժեր:Բացի այդ,յոթ տարի նվագելու ընթացքում մենք չորսից հինգ ջութակ պիտի գնեինք,որովհետև մեծանալուս հետ պիտի փոխվեր նաև ջութակի չափը:Շատ տխրեցի,որովհետև ծնողներս այդ ժամանակ հնարավորություն չունեին իմ ջութակի համար այդքան գումար վճարելու:Բայց հաջորդ օրը զանգահարեց ջութակի ուսուցչուհին և մայրիկիս ասաց,որ գումարը պատճառ չպետք է դառնա,որ նման ընդունակ աշակերտները չզարգացնեն իրենց տաղանդը:Ասաց,որ պահել է իր ջութակները ու կտա ինձ,մինչ մենք հնարավորություն ունենանք գնելու: Համոզված կարող եմ ասել,որ ընկեր Ղարիբյանի նման բարի մարդիկ աշխարհիս երեսին անհետացման եզրին են: Նա դարձավ իմ մանկության լուսավոր կետը,իմ ոգեշնչման աղբյուրը,դարձավ այն լարը,որի վրա հենվում էին սիրտս ու հոգիս: Մի քանի ամիս էր,ինչ հաճախում էի ջութակի,բայց արդեն նվագում էի Վիվալդիի կոնցերտներից:Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ բեմ բարձրացա փոքրիկ երաժիշտների մարզային մրցույթ-փառատոնում: Հիշում եմ ուսուցչուհուս խոսքերը,որ ասաց ինձ բեմ բարձրանալուցս առաջ.«Հիշի՛ր,կարևորը հաղթանակը չէ,բայց մասնակցությունն էլ չէ:Կարևորը պատվով ներկայանալն է,եթե պատվով ներկայանաս,ինքդ քեզ համար հաղթող կլինես»:Նրա այս խոսքերի իմաստը չհասկացա այն ժամանակ,որովհետև վախից ու հուզմունքից դողում էի:Բայց հետո հասկացա,ու այդ խոսքերը,թղթի վրա գրված,մինչ այժմ էլ փակցված են մահճակալիս վերևում:Ինչևէ,բարձրացա բեմ,նվագեցի ու հաղթեցի:Ուսուցչուհիս ուրախությունից արտասվում էր.ես նրա առաջին աշակերտն էի,ով մրցանակ էր շահել: Յոթ տարի հաճախեցի երաժշտական դպրոց:Ուսուցչուհիս ամեն ինչ անում էր,որ ես երբեք ոչնչից չընկճվեի:Միշտ ասում էր,որ կարևորը ցանկությունն է,հոգին է,որ ես էլ մի օր կհասնեմ ամեն ինչի:Ու ես պարապում էի,անդադար նվագում էի,անգամ սկսեցի ստեղծագործել: Մի քանի մրցույթների մասնակցեցի,բազմաթիվ ելույթներ ունեցա`շնորհիվ ուսուցչուհուս ահռելի աշխատանքի:Ու միշտ կրկնում էր նա Պարույր Սևակի հրաշալի խոսքերը. «Հիշի՛ր,դատարկ մարդն է գոռոզանում»... Ընկեր Ղարիբյանը դարձավ իմ լավագույն ընկերուհին,երկրորդ մայրն ու այս աշխարհում իմ ամենամտերիմ մարդը:Հենց նրա շնորհիվ է,որ այժմ լցված եմ անսահման լավատեսությամբ,աշխարհը փոխելու անսպառ ցանկությամբ:Երբ տխուր էի լինում,նա միշտ մի արտահայտություն էր կրկնում,որն այժմ ինձ համար կարգախոս է դարձել. «Եթե երկնքում այսօր արևը չի փայլում,դա դեռ չի նշանակում,որ այն այլևս դուրս չի ելնելու»: Ու ժպտում էր նա,բարի ու անկեղծ ժպտում`ինձ պարգևելով հույս ու հավատ,ոգեշնչում ու ներշնչանք… Անհնար է նկարագրել այն զգացումը,որն ունենում ես,երբ քո ձեռքերում է աշխարհի այն միակ գործիքը,որով կարողանում ես արտահայտել զգացածդ:Անհնար է նկարագրել,թե ինչպես ես փշաքաղվում ու քարանում մի պահ,երբ հասկանում ես,որ երաժշտությունը դուրս է հորդում երակներիցդ,ասես արյանդ փոխարեն երաժշտություն են ներարկել:Ու հասկանում ես,որ կյանքում հրաշքներ,իրոք,լինում են:Ու ինչպես կույրին ձեռնափայտ է հարկավոր,նորածնին`մոր ջերմություն,ու մարդուն`ազատություն,այնպես էլ հրաշքի կատարման համար հրաշագործ է հարկավոր:Իմ կյանքում այդ հրաշագործն իմ ուսուցչուհին եղավ,ով ստիպեց ինձ տեսնել ու հավատալ,զգալ ու հաղթել»… Ահա ծալում եմ օրագրիս էջը,ու նրա հետ փլվում է հոգիս:Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիրն է…Այո',պետք չեն Ձեզ պերճաշուք բառեր,պաճուճված մտքեր:Այսպես պարզ ու հասարակ եմ խոսում Ձեր մասին,ինչպիսին Դուք եք`պարզ,բայց խորու՜նկ,զարմանալի՜ խորունկ,ինչպես երաժշտությունը… Փակում եմ օրագիրս,բայց բաց է այն սիրտը,որտեղ ապրում եք Դուք,սիրելի' ուսուցիչ,իմ ոգեշնչման աղբյուր…