Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
6Ա Գասպարյան Օլգա Սերգեյի
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Առավոտը քնաթաթախ է, ես՝ քնած:
- ՈՒշանում ես, արագացրու′, - լսում եմ ծանոթ ձայնն ու չգիտեմ` տա՞նն եմ, թե՞ դպրոցում: Բացում եմ աչքերս. ուսուցչուհիս է: Հագնվում եմ, լվացվում, նախաճաշում ու ուղղվում դպրոց:
- Ուղիղ′ քայլիր, փողոցն անցնելիս ուշադիր′ եղիր, մարդկանց ժպտալով ու բարեկի′րթ բարևի, -շարունակում է խորհուրդներ տալ ուսուցչուհիս: Նայում եմ նրան ու ակամա հիանում նրա կեցվածքով ու քայլվածքով, նրա պահվածքով ու մանավանդ նրա ժպիտով: Եվ շա՜տ - շա՜տ եմ ուզում նմանվել նրան, քնքուշ ու սիրալիր լինել նրա պես, լինել զուսպ ու խոհեմ: Եվ զգում եմ, որ նա է դառնում ինձ համար ամենաօրինակելին:
Ահա և դպրոցում եմ: Դասարան է մտնում ուսուցչուհիս, և սկսվում է դասը: Սիրում եմ անգլերենը և համակ ուշադրություն դարձած՝ լսում եմ նրա յուրաքանչյուր բառն ու աշխատում մտապահել: Ե՞րբ կլինի, որ ես էլ իմանամ անգլերենն այնպես, ինչպես նա, խոսեմ այնքան վարժ, ինչպես նա: ՈՒսուցչուհիս կարծես կարդում է մտքերս, ժպտում է ու հանգստացնում.
- Դու շատ առաջ կգնաս:
Նրա խոսքերից ոգեևորվում եմ ու նոր թափով կպչում գրքերից: Եվ ամեն անգամ, երբ որևէ բան չեմ հիշում, երբ ընկճված կամ հուսահատված եմ լինում, կողքիս է նա իր հուսադրող ու ոգևորող ժպիտով. <<Դու ամեն ինչ կարող ես, դու պիտի հաղթես>>: Նրա հավատը ոգեշնչում է ինձ, և ես ամեն ինչ անում եմ, որ նա ժպտա, որ նայի ինձ այդպես հավատավոր աչքերով ու այդպես շոյի գլուխս:
Երբ դասերից հետո դաշնամուրի եմ գնում, ու կամակոր ստեղները համառորեն չեն ենթարկվում, շուրջս լցվում է աններդաշնակ աղմուկով: Լացս գալիս է անզորությունից ու հուսահատությունից, ու տուն եմ գնում գլխիկոր ու անտրամադիր: Դարձյալ ուսուցչուհիս է, որ բռնում է ձեռքս ու տանում ստեղնաշարի վրայով: Եվ ներդաշնակ ելևէջ ները պար են բռնում շուրջս, ու թաց աչքերով նայում եմ ստեղների վրա պարող բարի, քնքուշ ու գորովալից ձեռքերին, որ առաջնորդում են ինձ բարու ու գեղեցիկի աշխարհը: Այդ ձեռքերը սովորեցնում են ինձ միայն բարիք արարել, միշտ օգնել դիմացինին, լինել ազնիվ ու սրտաբաց: Այդ ձեռքերը լույսով են լցնում շուրջս ու օգնում, որ մնամ լուսե:
Երեկոյան, երբ օրը մոտենում է ավարտին, ու երկնակամարին շարվում են աստղերը, փակում եմ աչքերս: Եվ մի քնքուշ ու հոգատար ձեռք ուղղում է վերմակս, ու ծանոթ մեղմ ձայնը բարի գիշեր է մաղթում: Քնում եմ հանգիստ ու խաղաղ՝ հավատալով, որ վաղվա օրը պիտի միայն ու միայն բարիք բերի, լինի առաջընթացի ու ձեռքբերումների օր: Քնում եմ, ու երազիս մեջ ինձ համար մեղմ երգում է հուսադրողս, խորհրդատուս, ոգեշնչողս: ՈՒսուցչուհիս է: Զարմանու՞մ եք: Պարզապես մայրիկս ուսուցչուհի է: