Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Նարեկ Սաքեյան
Դպրոց՝ ք. Գավառի Գ. Մնացականյանի անվ. թիվ 7 մ/դ

Դասարան՝ 12-ա
Իմ ուսուցիչն իմ ոգեշնչման աղբյուրն է
Երբ լսեցի շարադրության այս վերնագիրը, սիրտս սկսեց ակամայից թրթռալ, և չզգացի անգամ, թե ինչպես վերցրի գրիչն ու սկսեցի գրել… Ես Նարեկն եմ` տասնյոթամյա մի պատանի, որն իր հասակակիցներից տարբերվում է միայն նրանով, որ շրջապատի ձայներն ընկալելու համար ստիպված է կրել լսողական սարքեր: Չգիտեմ բարեբախտաբար թե դժբաղտաբար, ի տարբերություն դպրոց ոտք դնող շատ ու շատ երեխաների, ես իմ առաջին ուսուցչին հանդիպել եմ ոչ թե դպրոցում, այլ սուրդոկենտրոնում: Նրան հանդիպելու առաջին իսկ օրից փոխվեց իմ կյանքը (այդպես է ասում մայրս): Նրա անվերապահ նվիրումի, մեծ ջանքերի շնորհիվ ես կարողացա խոսել: Թեև ուշացած, բայց ութ տարեկանում կարողացա հաճախել հանրակրթական դպրոց, որտեղ լսողության խնդիր ունեցող ոչ մի երեխա չկար: Երբ նոր էի ոտք դրել դպրոց, ես արդեն տառաճանաչ էի, գիտեի բազում հեքիաթներ, կարողանում էի գումարել, հանել, օգտվել քարտեզից: Այդ ամենն իմանալու համար պարտական էի իմ սուրդոմանկավարժին: Սկզբում ես ոչնչով չէի զիջում լսող երեխաներին, դեռ մի բան էլ նրանք էին նախանձով նայում ինձ: Բայց կարևորը դա չէր: Ես` այդ ժամանակ ընդամենը ութ տարեկան երեխաս, գիտեի պայքարել, դուրս գալ ճակատագրի դեմ, ինձնից վանել հաշմանդամի պիտակը, խուսափել խղճահարությունից, արհամարհել ինձ վրա ծիծաղողներին, նույնիսկ հարգանքով վերաբերվել նրանց, հասարակության լիարժեք անդամ զգալ ինձ: Եվ պատկերացրեք, որ դա ինձ հաջողվում էր: Իսկ դրա համար ես երախտապարտ եմ Ձեզ, իմ շատ սիրելի՛ Սաիդա Ռուբենովնա. Դուք էիք ինձ ոգեշնչողն ու թև տվողը, պայքարել և ոչ մեկից հետ չմնալ սովորեցնողը, իմ ականջում միշտ Ձեր խոսքերն էին. «Դու կարող ես, դու ամենալավն ես…»: Ես ամիսներով չէի տեսնում Ձեզ, բայց միշտ շարժվում էի Ձեր խորհուրդներով: Այսպես դպրոցում անցան ինը տաիներ: Ես հանդիպեցի շատ ուսուցիչների: Սիրեցի նրանց, նրանք էլ` ինձ, սակայն նրանցից և ոչ մեկը չկարողացավ փոխարինել իմ առաջին ուսուցչին: Ոմանք ամեն ինչ արեցին, որ հասկանամ իրենց դասավանդած առարկան, ոմանք ուղղակի անտեսեցին իմ ներկայությունը: Գնալով բարդացան առարկաներն ու դասերը, և ես կամա թե ակամա ընկրկեցի: Սա չհիասթափեցրեց ինձ, բայց վանեց դպրոցից: Ես որոշեցի թողնել դպրոցը և Գավառից կրին տեղափոխվեցի Երևան` սովորելու արհեստագործական ուսումնարանում: Հոգուս խորքում ուրախ էի, որ մոտ եմ գտնվում իմ սուրդոմանկավարժին, և դա ինձ ավելի էր ոգեշչում: Երբ որոշոումս հայտնեցի տիկին Սաիդային, նա, ճիշտն ասած, չողջունեց, որովհոտև միշտ պնդում էր, որ ես պիտի բարձրագույն կրթություն ստանամ: Ես բացատրեցի նրան, որ ոսկերչությունը` որպես արվեստ, կօգնի ինձ լավատես լինել, չչարանալ, իսկ որպես արհեստ` հաց գտնել ու ընտանիք պահել: Նա հասկացավ ինձ: Այժմ արդեն երկրորդ կուրսի ուսանող եմ: Լավ եմ սովորում: Վարպետս սիրում է ինձ ու հավատացած է, որ լավ մասնագետ եմ դառնալու: Բայց դա չի գոհացնում իմ սիրելի ուսուցչին: Նա ստիպում է ինձ ուսումնարանն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալ` ոգեշնչելով ինձ, որ ես կարող եմ, որ ոչնչով չեմ զիջում մյուսներին: Եթե Աստված կամենա, ես անպայման կկատարեմ նրա պահանջը` առաջին հերթին իմ շատ սիրելի, ինձ համար կուռք դարձած (թող ների ինձ Աստված) ուսուցչին հուսախաբ չանելու, երկրորդ հերթին մայրիկիս հպարտության տեղիք տալու համար: Հիմա, սիրելի´ ընթերցող, պատկերացնո˚ւմ եք, եթե չլիներ իմ կյանքում այդ հրաշալի կինը, ինչ կլիներ իմ ու մայրիկիս վիճակը: Ես պատկերացնել չեմ ուզում: Միայն ամեն բացվող առավոտ աղոթում եմ Աստծուն, որ առողջություն շնորհի իմ առաջին ու եզակի ուսուցչուհուն: Գուցե ես իրավունք չունեի մասնակցելու այս մրցույթին, բայց իմ մեջ կուտակված երախտագիտության զգացումը չկարողացա հաղթահարել: Ներեք ինձ, որ այս շարադրությունը ուղարկում եմ եղբորս անձնական էջով, որովհետև ինքս չունեմ dasaran.am-ում իմ էջը: