Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Սոնա Նալբանդյան
Դպրոց՝ ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Դասարան՝ 12ռհ
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Ասում են՝ ամեն լավ բան կատարվում է պատահականորեն: Ահա այդպիսի պատահականության մասին է իմ շարադրանքը: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան կարևոր ու թանկ հետք ու հիշողություն թողնող փաստեր, որոնք կազմում են նրա հոգևոր հարստությունը՝ անբաժանելի ու սուրբ: Իրադարձությունները , մարդիկ, իրերն ու մտքերը յուրաքանչյուրի համար խիստ անձնական են , անփոխարինելի, անշրջելի: Բայց կա մի հասկացություն, որին կապված ես քո ապրածով, քո մարդկային կերպարով, լավ ու վատ սովորություններով, հուշերով ու արմատներով: Դա դպրոցն է, որտեղ մեծանում է աշակերտը, ձևավորվում որպես մարդ, զարգանում, ձեռք բերում անհատական գծեր ու բնավորության դրսևորումներ և դառնում անկրկնելի: Դպրոցն է, երբեմն այն հանգրվանը, որտեղ կարող ես գտնել քո ապագան: Ստացվել է այնպես, որ իմ մայրը ուսուցիչ է այն դպրոցում, որտեղ ես աշակերտ եմ: Ինձ դասավանդել են տարբեր ուսուցիչներ, բայց ոչ նա: Ինձ համար սովորական է տեսնել նրա խիստ կեցվածքը դպրոցի միջանցքներում, լսել նրա՝ հրահանգներ արձակող ձայնը, բայց ունկնդրել նրան որպես ուսուցիչ բախտ չէր վիճակվել: …Հիվանդացել էր ռուսերենի ուսուցչուհիս, մայրիկս փոխարինում էր նրան: Սկզբից անորոշ հուզումը, ապա վախը պարուրեց հոգիս, սակայն շուտով մնաց մի անափ հպարտություն, երբ դասարանը կլանվեց նրա խոսքով, կերտած կերպարներով ու գնաց նրա հետևից: Ես ամաչեցի մտքումս, որ երկար ժամանակ դառնացրել եմ նրա կյանքը, չեմ հասկացել, որ այդ խոսքի կախարդն իմ մայրիկն է, ում հետ դժվարին ճանապարհ ենք անցել՝ ատելությունից մինչև միմյանց հասկանալը, ներելն ու հանդուրժելը: Հասկացա, թե որքա՜ն անտարբեր եմ նրա խոսքերին, տանջանքներին, բացատրություններին ու արդարացումներին, ջանքերին ու խրատներին: Խնդրում եմ՝ չմտածեք, թե ես դաժան եմ ու չար, քանզի տեսնելով աշակերտների ուշադրությունն ու սերը նրա նկատմամբ՝ ոչ թե հպարտացել եմ, այլ եսասեր փոքրիկի նման խանդել, որովհետև թվացել է, թե նա իր աշակերտին ինձնից շատ է սիրում: Մինչդեռ փոքրիկ սեփականատիրոջ իրավունքով կամեցել եմ, որ միայն իմը լինեն մորս սիրտն ու հոգին, սերն ու ժպիտները: Երբեմն զգում եմ, որ խարխափում եմ սիրո և չարության բևեռներում, ամաչում մորս թախծոտ աչքերի համար, դիտողության արժանանում նրա աշակերտներից, երդվում դառնալ բարի ու հոգատար, բայց առայժմ մնում նույն անկայունը, մինչև որ… Մի սովորական կիրակի օր էր, երբ մայրիկիս այցելեց իր նախկին աշակերտուհու /նա հիմա Ռուսաստանում է/ մայրը: Այդ երեկո ես ծանր խոսքեր էի ասել մորս, դարձյալ մեղադրել նրան իր ունեցած ու չունեցած մեղքերի համար, և նա արտասվախառն աչքերով դիմավորեց հյուրին: Կինը սենյակ մտավ, զգաց, որ տան մթնոլորտը ճնշող է, շիկացած, որ մայրս չի գտնում իր տեղը , ծնկի եկավ ու ասաց. «Ես չէի կարող չգալ, քանի որ դստերս մասնագիտական ընտրության և նվաճումների համար Ձեզ եմ պարտական»: Հետո շարունակվեց զրույցը, սենյակ լցվեց հեռավոր երազ-օրերից մնացած հուշերի բույր ու շշուկով, ջերմացավ տան օդը, հալվեցին մեր սրտերը: Հյուրը գնաց, մնացինք ես ու մայրս՝ իր գործին ու աշակերտներին անմացորդ նվիրված ուսուցչուհին, սրտի թրթիռով իմ յուրաքանչյուր քայլն արժևորող կինը, իմ միակ մտերմուհին: Մոտեցա ու փարվեցի նրան, հասկացա , որ կյանքում նա ինձ համար ոչ միայն մայր է եղել, այլ նաև ուսուցիչ: Իսկ ապրել սովորեցնելն ավելի դժվար է: Գիտեմ, եթե ինչ-որ պահի երերա ոտքերիս տակ հողը, ի՛մ մոր՝ ի՛մ ուսուցչի ամուր ձեռքերը կպահեն ինձ, ես կհամբուրեմ այդ ձեռքերն ու կշշնջամ. -Ես պաշտում եմ քեզ, մայրի՛կ, սիրելի ուսուցիչ…