Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Համլետ Ալավերդյան
Դպրոց՝ ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Դասարան՝ 9-բ
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Ես նորեկ եմ այս դպրոցում, բայց ինձ ընդունել են հարազատ զավակի պես: Ես սիրում եմ իմ ուսուցչուհուն… Նրա հետ նոր եմ ծանոթացել, բայց միանգամից հավանել եմ, որովհետև համառ է, խիստ ու վստահ: Նա երբեք չի սխալվում, չի շփոթվում, միշտ օգնում է, չի վախենում ճշմարտությունից և միշտ ճիշտն է խոսում: Ինձ էլ է ամեն օր ասում` ճշմարի’տ եղիր, ազնի’վ եղիր: Նա ամեն ինչում ինձ ոգեշնչում է: Օ~, ինչու եմ ես այդքան սիրում իմ ուսուցչուհուն և ոգեշնչվում նրանով: Ինչու ինձ ոչ ոք չի կարող ասել, թե ինչու: Սեպտեմբերի 2-ն էր, մայրենիի դաս: Դասի վերջում մայրենիի ուսուցչուհի ընկեր Հակոբյանը /երևի արդեն կռահեցիք, որ խոսքս իմ սիրած ուսուցչուհու մասին է/ հանձնարարեց 5 րոպեանոց շարադրանք` <<մայրս>> վերնագրով: Ես գործի անցա, ժամանակը գնում էր, բառերն ու մտքերը գալիս էին իրար հետևից, կարծես անկախ ինձանից և, ա~յ քեզ զարմանք, ստացվեց փոքրիկ քառատող` նվիրված մորս: Ընկեր Հակոբյանը շատ հավանեց և <<տասը>> գնահատեց: Օ~յ, ի~նչ ուրախություն: Չգիտեմ ինչու, բայց ուզում եմ ուրախությունից գոռա~լ, գրե~լ և <<տասը>> ստանալ: Հաջորդ օրը դպրոց եկա ծանրացած պայուսակով` հետս մի քանի գեղարվեստական գրքեր էի բերել. մայրենիի դասի համար էր: Երբ տվեցի ընկեր Հակոբյանին, զարմացավ, որովհետև այդ գրքերը ոչ մի կապ չունեին օրվա դասի հետ: Ես ուղղակի ուզում էի ցույց տալ, որ սիրում եմ <<մայրենի>> առարկան և ուզում եմ միշտ <<տասը>> ստանալ: Իսկ ուսուցչուհիս խորհուրդ տվեց կարդալ այդ գրքերը և վերադարձրեց: Իհարկե, օրվա վերջում ես էլ զարմացա իմ տարօրինակ քայլի վրա: Սեպտեմբերի 20-ն է, իսկ 21-ին նշվելու է Անկախության օրը: Մայրենիի դասին խոսեցինք այդ թեմայի շուրջ: Խոսում էինք անկախությունից, մեր հերոսներից, բանակից: Դա այնպես տպավորիչ ու կենդանի էր: Ես մտքումս որոշեցի գնալ բանակ: Զինվոր կդառնամ, հայրենիքիս անկախությունը կպաշտպանեմ: Անհամբեր հասա տուն և հորս ասացի, որ պետք է բանակ գնամ: Իհարկե, հայրս ծիծաղեց և ասաց, որ ես ապագա զինվոր եմ: Բայց ես չեմ ուզում <<ապագա զինվոր>> լինել, ես հենց հիմա եմ ուզում զինվոր լինել: Միևնույնն է, իմ խոսքերը չեն օգնում: Հոկտեմբերի 10-ն է, դասը նվիրված է տատիկներին: Զրուցում ենք, պատմում: Ուսուցչուհիս խրատում է սիրել, օգնել տատիկներին, նվիրված և ուշադիր լինել, և իմ գլխում նոր ծրագրեր են արթնանում: Հենց այսօր կգնամ և կօգնեմ մեր գյուղի բոլոր տատիկներին. մեկին ուտելիք կտանեմ, մյուսի դեղերը կգնեմ կամ հողամասում գործ կանեմ: Արագ հասնում եմ տուն և մայրիկիս հարցնում, թե գյուղի տատիկներից ում ինչով օգնեմ: Մայրս զարմանում է և ասում, որ եթե լավ տղա եմ, իմ իսկ Համեստ տատին օգնեմ, խնձորն ու տանձը հավաքեմ: Ես այդպես էլ անում եմ և ինձ շա~տ լավ եմ զգում: Ի~նչ ուրախ օր է: Հաջորդ օրը ոգևորված դպրոց եմ գնում, ի~նչ հետաքրքիր է այս դպրոցում, ի~նչ լավն են այս ուսուցիչները: Օրինակ, ռուսաց լեզվի ուսուցչուհին այնպես է մեզ սովորեցնում, որ ես ուրախությունից ուզում եմ թռչկոտել: Բնագիտության ուսուցչուհին` ընկեր Պողոսյանը, մեզ սովորեցնում է ավելին, քան կա գրքում, իսկ ինֆորմատիկայի ուսուցչուհին` ընկեր Ավետիսյանը, համակարգչի մասին մեզ սովորեցնում է ամեն ինչ, անգամ անվտանգության կանոնները, որովհետև դա մեզ համար խիստ անհրաժեշտ է: Ընկեր Ավետիսյանը այնքան է ոգևորել, որ ես ուզում եմ ավելին ու ավելին իմանալ: Իսկ մաթեմատիկա սովորում եմ այն պատճառով, որ հավանում եմ բարդ խնդիրները, դրանց վրա տանջվելն ու լուծելը: Հիմա կասեք ինչու՞ է թվարկում իր սովորելու պատճառները: Որովհետև սովորելու համար պատճառ է պետք: Ես ընկերներ ունեմ, ովքեր չգիտեն, թե ինչու են սովորում, ուղղակի սովորում են: Ես տեսնում եմ և զգում, որ մեր ուսուցիչները ամբողջ ժամանակ մեր մասին են մտածում: Ինչ լավ է, երբ մեր մասին մտահոգվում են ուսուցիչները: Լավ է, չէ՞: Այո’, շա~տ լավ է: Մայրենիի <<Իմ տատը> դասի մեջ մի նախադասություն կա, որը շատ եմ հավանել. <<…Նա մի փոքրիկ, փայլուն օղ էր իմ մանկական հիշողությունների շողշողուն շղթայում…>>: Ես նույնը ուզում եմ ասել իմ ուսուցչուհիների համար, որ նրանք կմնան որպես փայլուն օղ իմ մանկական հիշողությունների շողշողուն շղթայում… Սա ասում եմ իմ հոգու խորքից, անկեղծ սրտով, որտեղ ոչ մի սուտ բան չկա: