Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Շիրակ Արզանյան
Դպրոց՝ գ. Ներքին Խնձորեսկի մ/դ

Դասարան՝ 12-րդ
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանի հեռավոր մարզերից մեկի` Սյունիքի հեռավոր ու սահմանամերձ գյուղակում` Ներքին Խնձորեսկում: Այն իմ պապի ու իմ հոր բնօրրանն է (չեմ կարող ասել ապուպապի, որովհետև դեռ այս տարի է լրանում իմ գյուղի երեսունամյակը), որտեղ պիտի ապրեմ ու արարեմ նաև ես: Ես շատ երազանքներ ունեմ, որոնք պիտի կատարվեն (վստահ եմ, որ բոլոր մարդկանց երազանքները կատարվում են, եթե նրանք դա շատ են ցանկանում): Գիտեմ` մի օր էլ կատարվելու է հենց իմ երազանքը. սահմանամերձ գյուղի բնակիչը առաջին հերթին զգոն ու բանիմաց, հպարտ ու անվախ զինվոր պիտի դառնա: Ես գիտեմ նաև, որ բազմաթիվ անմեղ մանուկների, կանանց, ծերերի ու հերոս տղաների կյանքի ու արյան շնորհիվ է, որ այսօր մենք` ես ու դու, չենք զգում վառոդի հոտը երկնքում, այլևս չենք վախենում, երբ ամպն է գոռում. ինձ թվում էր, թե պատերազմ է սկսվում: Ես ազդվել էի մեր դպրոցում կազմակերպված ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ նրանց վերհիշած սարսափազդու պատկերներից: Հանդիպումը կազմակերպել էր մեր դպրոցի զինղեկը` Ընկեր Բաբալարյանը: Այս մարդը զարմանահրաշ մարդ է: Նա կարող է բոլորին զարմացնել իր գիտելիքներով ու կարողություններով: Այո՛, ես դրանում վստահ եմ: Նույնիսկ դու, հենց դու, որ հիմա կարդում ես իմ գրածը, որը լոկ շարադրանք չէ, այլ թղթին հանձնված ճշմարտացի ճշմարտություն, այդքան բանիմաց ու գիտուն չես, ինչքան նա: Դու ապրել ես, չգիտեմ` որտեղ, բայց հիմա հասել ես մայրաքաղաք, գու՞ցե հենց այդտեղ ես ծնվել, նստած ես գեղեցիկ կահավորված քո սենյակում, ստեղծագործում ես, բազմաթիվ աշխատանքներ ես կատարում: Ես չեմ արժեզրկում քո կատարած աշխատանքը, բայց դու չես կարող նրա ապրած գեթ մեկ օրով ապրել, որովհետև դու կհոգնես ու մշտնջենական հանգիստ կերազես: Նա մարդ է: Սխալ մի՛ հասկացիր ինձ, ես քեզ չեմ վիրավորում, պարզապես ուզում եմ քեզ ու բոլորին հիշեցնել, որ «մարդը» հենց նա է, ով կարողանում է սահման պահել: Դու վստահ, առանց կորստի վախի առավոտյան վեր ես կենում, նախաճաշում, գնում աշխատանքի, վերադառնում տուն, ճաշում, մի քիչ զբոսնում ընտանիքիդ հետ ու հանգստանում, հետո ընթրում, մի փոքր էլ հեռուստացույց դիտում կամ էլ համակարգիչով քո ուզած նորություններն ես կարդում ու հանգիստ պարկում քնելու: Իսկ գու՞ցե ես սխալվում եմ…. Բայց նա ուրիշ է: Վեր է կենում լուսաբացին, երբ դեռ դու քնած ես, կերակրում իր մինուճար կովին, գալիս է տուն լվացվում, արագ-արագ նախաճաշում ու վազքով դեպի դպրոց: Դպրոցում արդեն սիրով նրան են սպասում բոլոր աշակերտները: Եվ ամեն օր նրան տեսնելիս, մեջս սկսում են խլրտալ զանազան երազանքներ ու նվիրական գաղափարներ, որ պիտի ես իրագործեմ: Ես իմ կորուսյալ հայրենիքը պիտի ետ բերեմ, ես պիտի պահեմ ու փայեմ իմ մի կտոր հողը, ես պիտի զինվոր դառնամ… Նա ինձ ուժ ու եռանդ է տալիս և ես կարողանում եմ ապրել հայի պես ու պահել ինձ հասած մեր հայկական ավանդույթները…. Դու ինձնից մի՛ նեղացիր, իմ աչքը քեզ սովոր չէ… Շնորհակալ եմ, ուսուցի՛չ, որ ինձ տվեցիք նվիրական երազանքներ…