Contests

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Երվանդ Վարդանյան
ք. Երևանի թիվ 184 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 2415
Բողոքել են՝ 8
ՀՈՂ ԴԱՌՆԱԼԸ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է
«Տատի՛կ, էս տղաների հետ մի քանի օրով գնում եմ հանգստանալու»,- գրեց Արամը մի թղթի վրա, վերցրեց մի շիշ ջուր, մի հաց, մի կտոր պանիր ու դուրս եկավ տանից:
Արամը հիշեց, որ ձորում Մաքսիմի տնակը ազատ է: Այնտեղ անցած տարի տղաների հետ իր ծննդյան օրն էր նշել: Տեղը հիշում էր: Որոշեց գնալ այնտեղ, թաքնվել բոլորի աչքից: Իսկապես Արամին հանգիստ էր պետք:
Արամը շտապ-շտապ քայլում էր ու մտովի վերլուծում օրվա դիպվածը. «Ես այսօր ինձ նման չէի. Լավ չպահեցի ինձ. Չդիմացա և Թաթուլին այնպես հարվածեցի, որ քթից արյուն եկավ: Գուցե նա տանեցիներին չասեր, բայց աչքի տակն էլ էր կապտել: Իսկ դա նշանակում է, որ մայրը կբարձրանա մեր տուն և ձայնը գլուխը գցած, անվայել բառերով ինձ կներկայացնի որպես մի վայրագ՝ տատիս անվերջ վիրավորելով: Նրա համար երկրորդական բան է, թե իր տղան ինձ այնպես է խոցել, որ ես կորցրել եմ ինքնատիրապետումս... Չնայած ես էլ լավ ջարդ եմ կերել... Իմ էլ ամբողջ մարմինն է կապտած, բայց հո ցույց չե՞մ տալու: Շատ-շատ նրա մայրը՝ հանրաճանաչ Կարինեն, անթաքույց հրճվանքով բացականչի.
- Օխա՜յ, ի՜նչ լավ են արել տղաները, քիչ են արել: Պետք է աչքդ էլ հանեին... Եթե դու չես մեղավորը, ինչու՞ են թափվել վրադ,- կհարցնի նա կշտամբալից ու պարասխանի չի էլ սպասի:
Չնայած ես չեմ էլ ասի, որ այս տղաներն էլ են հաշվենկատ ու անազնիվ, որ նրանք իրենց ցուցադրելու և լաչառի գովասանքին արժանանալու համար պատրաստ են նաև ստոր ծառայության, հատկապես ընդդեմ ինձ նմանի, որը չունի հայր... տատիկն էլ գոռգոռոց չի սիրում, ավելին՝ մայրիկի պես շարունակ նույն երգն է երգում. «Համբերությու՛ն... Զայրույթը չարի գործարան է: Ցավ մի՛ պարճառիր դիմացինին, առանց այդ էլ աշխարհը ցավի սարդոստայն է»,- բարկացած մտորում էր նա»:
Այսպես, մտքերով տարված՝ չնկատեց, թե ինչպես հասավ Մաքսիմի տնակը: Կողքի ծառին մեղուներն էին տիրություն անում: Պառկեց ու նայեց: Չնայած դեռ ժամանակը չէր, բայց ուրցի մեղրը պատրաստ էր: Արամը պատի տակի չոր տերևները փաթաթեց ինչ-որ բույսի լայն տերևների մեջ, ծխահարեց մեղուներին, վերցրեց մեղրով լիքը լցված հացերից մեկը, ապա որոշեց մեղքը քավելու համար տատիկին մի մեղվաընտանիք տանել, հատկապես որ փեթակն էլ ունեն: Ոգևորված գործի անցավ. մեղրամոմն ու վայրի մեղվաընտանիքը դրեց տնակի ստվարաթղթե մի փոքրիկ արկղի մեջ ու ոգևորությունից ամեն ինչ մոռացավ: Մի բան էր պարզ. Տատիկն իրեն կներեր՝ կրկնելով, որ դրսից դատարկաձեռն ներս մտնողը տան տղամարդ չի կարող կոչվել:
Հաց ու պանիրը մեղրով կերավ, հոգնածությունը մեկ վայրկյանում ասես անհետացավ: Արամը շտապում էր, որ լույսը շուտ բացվի, ու նա տատին ներկայանա որպես իր ակնկալած զավակը: Հանգիստ պառկեց ու նրան թվաց, թե այլևս չի մտորում ամենակարևորի մասին ու հենց դրանով էլ իրեն բռնացրեց այն խնդրի վրա, որն իր համար լուծում չունի. Ինչպես գորգի հիմնական երանգը, իր մտորումների առարկան մշտաբորբոք է իր հոգում, աշխարհի աչքին հահա-հիհիի գույնով է երևում, սակայն իր համար ցավեցնող, իր սրտում կոշտուկ առաջացնող գույնն է... Այն հնչողություն ունի.
- Դու հայրիկ չունես:
Հա, մի՛ նեղվիր, հիմա ամբողջ աշխարհն է որբանոց,- մխիթարում է մեկ ուրիշը: Եվ այդպես շարունակ: Չես կարող անտեսել: Այս փաստի մշտական արձանագրությունները ոչ թե բթացնում են վիճակը, այլ պոկում են վերքը ծածկող մատղաշ փառը՝ նորից արնոտելով ու խորացնելով վերքը...
Այս և այլ բաների մասին մտորելով՝ թախտին մեկնված քնել էր ու երբ արթնացավ, արևն արդեն զենիթում էր: Ուրեմն որքան էր հոգնել վերջին ժամանակներս... Բնական է, նրան պատիվ չէր բերի, որ տատիկին խղճային կամ կշտամբեին նրան մենակ թողած զավակներին, որոնց թվում էր և ինքը:
Գոռը Արամից փոքր է, բայց բնության մեջ՝ ինչպես ձուկը ջրում. Նա հոր ձեռքի տակ է մեծացել: Հոր հետ թակարդ է լարում, ձկնորսության գնում, վաղ գարնանից սկսում հավաքչությունը... Արամն էլ էր նրանից որոշ բաներ սովորել: Գիշերը մենակ մնաց, իսկ հիմա էլ պետք է քաջի պես վերադառնա: Նա էլ մի ատոմ է, չպետք է բաաժանվի՝ վթարված ատոմակայաններն իրեն օրինակ: Նա իրավունք չունի ցավ պատճառելու յուրայիններին և այլոց: Եթե այս փշրանքներն իրեն այսպես գոհացնում են, բա որքա՜ն լավ կլիներ, որ նա իր հայրիկի կողքին աճեր, հայրը լիներ իր ուսուցիչը:
«Դարձյալ հայրիկս...,- մտածում էր Արամը,- ես գիտեմ, իմ շրջապատում կան տղաներ, որոնք իրենց հայրիկների մասին առասպելներ են հորինում: Նրանց հետևից բոլորը ծիծաղում են, իսկ դեմ դիմաց գլխով հաստատում: Այդ երեսպաշտությունը ինձ սպանում է:
Ես ոչինչ, իսկ որ քույրիկս նստում էր վզիս ու խփելով ուսիս պահանջում էր.
- Տար ինձ հայրիկիս մոտ: Տե՛ս, ահա, լուսամուտի տակով է անցնում: Չէ՛, չէ՛ հեռուստացույցի, այ այն մարդն է հայրիկս...
Երթուղայիններում, մայթերին նա հավանական հայրիկներ էր որոնում... Մինչ ինքն էլ գնաց դպրոց, ես էլ արդեն մեծ եմ ու հոր պակասը թերևս լրացնում եմ... Թիկունք եմ, պաշտպան, ուղեկից...
Ու ես ինձ ամուր էի զգում, ինձ հենց այդ ուժեղ մարդու տեղն էի դրել: Երեկ հասկացա, որ ես էլ որոնումների մեջ եմ, իմ թիկունքին էլ հայր է պետք: Ու՞ր է նա: Ես մորս, քրոջս, այժմ էլ տատիս եմ պաշտպանում, բայց վտիտ ուսերս պաշտպանության կարիք ունեն, հարազատ հոր կարիք. Դա ավելի ակնհայտ է դառնում գյուղական միջավայրում:
Ես ինչպե՞ս հանդգնեմ երեկոյան զրույցներում պատմել հորս մասին, որքան էլ որ գիտեմ, որ նա Արցախի պատերազմում մարտնչել է՝ ինչպես իր քաջ պապիկը՝ Հայրենական պատերազմում: Ինչպե՞ս կարող եմ հայրենյաց համար կյանքը չխնայած այս պապ ու թոռան մասին որևէ մեկի մոտ մի բառ ասել, ովքեր գիտեն, որ վերջինս իր զավակներին թողել է դախտի քմահաճույքին, իր պաշտպանած սահմանը «ճղել-անցել է»՝ դառնալով եվրոպացի...
Չնայած մենք էլ մեր հողի վրա հայ չենք մնացել, որովհետև մարդկային շատ արժեքներ տրորել ու անցել ենք... Այժմ էլ արդարությունը ճզմվում է մեր որքի տակ, մեր աչքի առաջ թույլն ու ընկածը կարող է կնքեն իրենց մահկանացուն՝ իրենց վրա նետած քարերի կույտի տակ... Իսկ մենք աշխարհը փոխել չենք կարողանում, որովհետև չենք ուզում մեզ էլ փոխել... Ի՞նչ անենք, թողնե՞նք՝ այդ մուգ գույնը մնա, ծածկի՞ աշխարհի լույսն ու պտուղը՝ կյանքը, որի հատիկներից եմ և ես»:
- Չէ, չէ: Վեր կենամ, գնամ: Տատս հիմա անորոշությունից կխելագարվի: Գնամ, գնամ: Տատս...,- Արամը խենթացած դուրս թռավ, մոտակա աղբյուրից ջուր վերցրեց, բանջարեղենի մի քանի տեսակներ պրճոկեց, դրեց հացի մեջ ու շարժվեց առաջ:
- Ահա Մարգարիտ տատիկի բանջարանոցը ցանկապատող հոնիներից է: Հենց այս կողմով կգնամ,- որոշեց նա:
Հրապուրվեց սունկ գտնելու հույսով և ցանկապատի եզրով գնալով դուրս եկավ մի անծանոթ դարավանդ: Մոլորվել էր: Մինչ այդ դպրոցն ու գյուղը մոտիկ էին, իսկ հիմա ոչինչ չէր երևում: Պարզապես անհետ կորել էին: Մտովի կողմնորոշելով դպրոցի տեղը՝ Արամը շարժվեց դեպի արևելք:
Միլիոնավոր տարիներ առաջ լավայից ապառաժ կտրած ժայռեր, կիրճեր, ձորեր ու դրանք համառորեն քրքրած ծառեր, թփեր, քամուց ու ջրից հող ու ապար դարձած ավազանման զանգված, որոնք ասես վերջ չունեին: Արամի հոգում ժայթքած անհանգստությունը կառավարում էր իրեն: Վհատվել էր: Գիտեր, որ գյուղերը միմյանցից շատ հեռու են: Արդյոք կհասնի՞ մի որևէ բնակավայր, թե՞ գազանի բաժին կդառնա:
Աստիճանաբար իրեն փորձեց քաջալերել. «Մենակ չեմ: Մեղվաընտանիրը մեջքիս կախված է: Դիմացի՛ր: Վախկոտն ամեն պահի է մեռնում, իսկ տատիկդ քեզ է սպասում»...
Այլևս չէր խորշում վառարանի պես տաքացած ժայռերից, շուրջբոլորը վխտացող օձերից, երբեմն-երբեմն խմբով ողբացող շնագայլերից... Արդեն կարողանում էր մողեսի պես մագլցել ժայռից ժայռ, անցնել ձորերով, թռչել ծառից ծառ: Ձեռքերն ու ոտքերը մղկտում էին, արյունը ծորում էր, բայց Արամը կանգ չէր կարող առնել: Շուտով մութը կընկներ: Ահավոր հոգնած էր, սնկով լցված տոպրակը ծանր էր թվում, սկսեց ուտել: Հում սունկն էլ էր համեղ: Կշտացավ, ուժ հավաքեց ու հավատաց, որ գյուղ դուրս կգա: Ու, ո՜վ զարմանք, հեռվից երևաց դպրոցը, և արևը հավաքում էր իր քղանցքը: Արամը շտապով հաղթահարեց մի քանի ժայռ ևս, և կածանները իրեն գյուղ հանեցին: Դպրոցը նշմարվում էր: Եթե կարողանար անցնել ու դուրս գալ դպրոցի ճանապարհին, քսան րոպե հետո տանը կլիներ:
* * *
- Տատի՛կ, ես այսօր արիության քննություն եմ հանձնել ու հաղթել,- դարպասից ներս մտնելով ասաց Արամը:
- Ե՛կ, ձագու՛կ, ե՛կ: Լվացվի՛ր, մի կտոր հա՛ց կեր, հանգստացի՛ր, հետո կխոսենք:
- Տա՛տ, գիտես չէ՞, երբ մեջդ մի բանով լիքն է, պետք է դատարկել, թե չէ չես կարողանա նույնիսկ բերանդ թրջել:
- Հետաքրքի՜ր է,- ասաց նա՝ Արամի ձեռքը մտերմաբար բռնելով և դեպի լվացարանը տանելով: - Արագացրո՛ւ: Պետք է Երևան գնանք. հենց հիմա:
- Ինչո՞ւ:
- Փոխի՛ր շորերդ: Մնացածը ճանապատհին:
Արամենց տունն անճանաչելի էր: Չհսկվող հրապարակի պես լցված էր մարդկանցով: Արամը նախատրամադրված էր հորը տեսնելու: Տասը տարի է՝ չէր տեսել: Արամը արդեն տասնհինգ տարեկան էր, քույրիկը՝ տասը: Հայրը իր տատի ու պապի հետ գնացել էր Բելգիա: Մայրը չէր գնացել, քանի որ իր հոր գերեզմանն այս հողում է, և ինքն այս հողը չի թողնի: Նա չգնաց, իսկ հիմա հայրիկը եկել է: Այս բոլորը եկել էին... հուղարկավորելու Արամի հորը, որի սիրտը չէր դիմացել... կարոտի՞ն, սիրո՞ւն, թե՞ ամոթին հենց «Զվարթնոց» օդանավակայանում: Արամի հայրն էլ վերադարձավ, վերադարձավ իր հողին, նա չդիմացավ հողի ձգողականությանը: Արամի խոր վիշտն ու խնդությունը շաղախված էին միմյանց: Վիշտ, որ մահ կա, ու այստեղ գտնվողները սգվորներ են, Արամն էլ՝ դրանց մեջ: Խնդությունն էլ էր Արամի հյուրը, խնդություն, որ հայր ուներ, թեկուզ՝ հանգած: Արամն այլևս ոչ մեկի քթից արյուն չի բերի... Արամը հա՜յր ունի... Արդեն վստահորեն կարող է հպարտանալ իր ազատամարտիկ հայրիկով, իսկ անցած տասը ծանր տարիների մասին՝ կմոռանա...
Արամին այլևս ոչ ոք չի կակող ասել, թե ինքն ու քույրիկը անհայր են: Արամն արդեն կարող է բարձրաձայնել իր թիկունքի մասին, թեկուզ և նա հողին է ձուլվել: Հող դառնալը գերադասելի է, փառավոր, իսկ անհայտանալը՝ անպատվաբեր, ամոթալի:
Արամի հայրիկը իրենով է զորացնում հայրենի հողը...