Contests

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Հայկ Հայրապետյան
ք. Երևանի թիվ 114 ա/դ
12-5
Վարկանիշ՝ 104
Բողոքել են՝ 1
ԱՆԳՈՒԹ ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՆԻԾՎԱԾ ԱՆՏԱՌԸ

Գարուն էր: Ձմռան թախիծը, որ լցվում էր մարդու հոգին, փոխարինվեց զվարթությամբ: Երկիրը լուսավորվեց արեգակի ճառագայթներով: Անտառները, այգիները, բացատներն արթնացել էին, և նրանց թախիծը, գետակ դարձած, հոսել-գնացել էր: Շատ ուրախ էի, և այդ զգացումը նկարագրելն անհնար էր:
Այս անգամ արևը շողում էր ավելի պայծառ, քան առաջ էր: Ես որոշեցի գնալ ընկերներիս տեսության: Վերցրի ուսապարկս և ճանապարհ ընկա: Այնտեղ հասնելու երկու ճանապարհ կար: Առաջինը` պետք է շրջանցեի անտառը և գնայի հինգ ժամից ոչ պակաս, իսկ երկրորդը` պետք է գնայի «Երկրային սատանայի» անիծված անտառը, որով շատ արագ տեղ կհասնեի: Ես մտածում էի, որ այդ անունը սնահավատներն են հորինել, այդ պատճառով էլ ընտրեցի կարճ ուղին: Ես ինձ հետ վերցրել էի շանս` Շարիկին, որը որսկան շուն էր: Շատ արագաշարժ էր, սև գույնի:
Անտառ մտնելիս տեսա, թե ինչ գեղեցիկ է այն: Մենք քայլում էինք ծառերին նշաններ անելով, որպեսզի ետդարձի ճանապարհը իմանանք: Հանկարծ ետևումս շարժում զգացի: Հետո նկատեցի դեղին ու սև կետեր, որոնք շարժվում էին թփի մեջ: Մենք շրջվեցինք, որպեսզի փախչենք, բայց երկու հովազ ոստյուն կատարեցին դեպի մեզ: Ես վազում էի և նկատեցի, որ շունս չկա; Շտապ ետ վերադարձա: Տեսա, որ շունս վիրավոր ընկած է գետնին: Հովազներից մեկը ոստյուն կատարեց, բայց օդում նրան կանգնեցրեց անտառապահի հրացանի կոթը:
Երբ ես նայեցի անտառապահին, իսկույն հասկացա «Երկրային սատանա» անվանման իմաստը: Նա իսկական սատանա էր, միայն եղջյուրներ չուներ: Ես ավելի շատ վախեցա նրան տեսնելիս, քան հովազներին:
Ես գրկել էի շանս: Նա ողջ էր: Անտառապահը կանգնել և ծիծաղում էր: Ես վերցրի նրա զենքը և, առանց նշան բռնելու, երկու անգամ կրակեցի: Զարմանալի է, բայց երկու փամփուշտներն էլ, ճեղքելով օդը, դիպել էին հովազներին: Նրանք մի քանի ոտնաչափ վազեցին և ընկան: Անտառապահը ծիծաղում էր ինձ վրա: Երբ շրջվեցի նրա կողմը, նրան չտեսա: Ուղղակի չքացել էր: Ես գրկեցի շանս և, ինչքան ոտքերումս ուժ կար, վազեցի, որպեսզի շուտ դուրս գամ անտառից: Շունս ողջ մնաց: Ես պարտք էի նրան կյանքովս: Անտառապահի ծիծաղը, որը նման էր բորենու ծիծաղին, դրոշմվել էր ուղեղումս:
Ես այդ օրվանից այդ անտառ ոտք չեմ դրել և խորհուրդ եմ տալիս բոլորին, որ այնտեղ ոտք չդնեն: Ես անհավատ չդարձա, բայց հասկացա, որ այդ անունը սնահավատները չեն դրել: Երբ տեսնում եմ վիրավոր որսորդի, հասկանում եմ, որ նա եղել է «Երկրային սատանայի» անիծված անտառում: