Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Այժմ, գրելով այս շարադրությունը, ես փորձում եմ հիշել իմ օրագրի թե’ տխուր, թե’ ուրախ էջերը: Բայց ասեմ ճշմարտությունը. տխուր էջերն իմ օրագրում ի ուրախություն ինձ շատ քիչ են:
Ես չեմ պատմի իմ օրագրի միայն ուրախ կամ միայն տխուր էջերի մասին, ես կփորձեմ թերթել իմ օրագիրը սկզբից` հազար ինը հարյուր իննսունինը թվականի օգոստոսի քսանհինգից:
Սկսենք թերթել իմ օրագիրը. այն բաղկացած է չորս հազար վաթսունհինգ էջերից: Ընդ որում էջերց ոչ մեկը նման չէ մյուսին, քանի որ այդ էջերից յուրաքանչյուրում ես ունեցել եմ նոր զգացումներ, նոր ապրումներ և ամեն օր մի նոր բան եմ սովորել:
Առաջին հազար չորս հարյուր վաթսունմեկ օրերից ես ոչինչ չեմ կարող հիշել ու պատմել, բայց կասեմ, որ դրանք իմ կյանքի ամենաուրախ էջերից են եղել: Հիմա ասեմ, թե ինչու. առաջին չորս տարիների ընթացքում ես եկել եմ լույս աշխարհ, ծանոթացել եմ ու հասկացել եմ իմ ծնողներին, սկսել եմ խոսել, քայլել, երգել, պարել, ուրախանալ և այդ ամենով ուրախացրել եմ իմ ծնողներին և հարազատներին:
Իմ օրագրի ուրախ էջերից են նաև հաջորդ երեք տարիները, երբ ես մինչ դպրոց գնալս իմ պապիկի հետ թվաբանություն էի սովորում:
Ահա եկավ իմ օրագրի երկու հազար հարյուր իննսունյոթերորդ էջը, երբ ես առաջին անգամ գնացի դպրոց: Դա իմ կյանքի մեկ այլ ուրախ էջ էր, որն ես հիշում եմ մինչև այսօր: Այդ նույն տարի իմ օրագրի տխուր էջերից մեկն էլ էր. մեր շունիկը` Լոկին, արդեն շատ էր մեծացել, և նրան տարան մեզնից և բոլորից շատ հեռու, որովհետև արդեն մոտ էին նրա կյանքի վերջին օրերը:
Իմ օրագրի հետագա էջերը` մոտ յոթ հարյուր էջ, անցնում էին և’ ուրախ էջերով, երբ ես բարձր գնահատական էի ստանում, իմանում էի, որ գերազանցիկ եմ, նվերներ էի տալիս կամ էլ նվերներ էի ստանում, և’ տխուր էջերով, երբ ես ցածր գնահատական էի ստանում կամ էլ պատժվում էի ինչ-որ չարաճճի արարքի համար:
Սակայն հետո եկավ իմ օրագրի երևի ամենատխուր էջը: Կյանքից հեռացավ իմ պապիկը, որի հետ ես շատ էի կապված և որին շատ-շատ էի սիրում: Որոշ ժամանակ ես տխուր էի, և ոչ մի ուրախություն, ոչ մի նվեր չէր կարող բարձրացնել իմ տրամադրությունը: Բայց ասում են ժամանակը բուժում է վերքերը: Այդպես էլ բուժվեցին իմ վերքերն ու տխուր հիշողությունները:
Իմ օրագրի մյուս ուրախ էջն այն օրն էր, երբ ես գտա այն մարզաձևը, որն ավելի հոգեհարազատ է ինձ: Դա հունահռոմեական ըմբշամարտն է, որի շրջանակներում անցած տարի ես առաջին անգամ մրցումների մասնակցեցի: Ճիշտ է` ես հաղթանակ չտարա և շատ տխրեցի, բայց բոլորն ինձ ասում էին, որ այն մարդը, ով չգիտի պարտվել, երբեք չի կարողհաղթել: Այդ բառերն ինձ մխիթարեցին, սակայն ես ինքս իմ մեջ որոշեցի, որ դա լինելու է իմ կյանքի վերջին պարտությունը:
Ես ուրախ եմ նաև այսօր, որովհետև վերհիշում եմ իմ կյանքի կարևորագույն պահերն ու իրադարձությունները: Այն ամենը, ինչը մեծ ազդեցություն է թողել իմ ընկալումների և պատկերացումների վրա:
Ես հիշեցի ևս մեկ ուրախ էջ իմ օրագրից: Մի անգամ իմ պապիկն ինձ ասել էր, որ երբ ես մեծանամ, պետք է նախագահ դառնամ:
Դա իմ կյանքի նպատակն է, և ես երազում եմ, որ այդ օրը լինի իմ կյանքում և լինի իմ օրագրի ամենաուրախ էջը, որից հետո ես կաշխատեմ, որ միայն ուրախ էջեր ավելանան մեր հայերի օրագրերում:
Այսքանով ավարտում եմ իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ բազմաբովանդակ օրագրի ընթերցանությունը: