Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 1045
Երվանդ Վարդանյան Արկադիի
Դպրոց՝ 184

Դասարան՝ 11-3
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ /ԴԵՐԸ/ ԻՄ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
Ես պատմաբան եմ դառնալու: Մտադրությունս ու պատմագիտության հանդեպ սերս թելադրում են մանրակրկիտ ուսումնասիրել պատմական անցքերը, դրանց պատճառահետևանքային կապերը, բնույթը, կարգը, հնարավոր կրկնությունները, կանխատեսել, կանխել սրանք, ի բարիս օգտագործել: Դրա համար պետք է կարողանալ «լսել» այդ երևույթին անդրադարձած բոլոր պատմիչներին ու պատմաբաններին (անտիկ աշխարհից մինչև իմ ժամանակակիցները), համեմատել նրանց խոսքը, գնահատականները՝ գտնելու իրականության հատիկը, հանգելու սեփական եզրակացությանը: Ինձ` դպրոցական պատանուս համար շփումը Խորենացու, Փարպեցու և այլ մեծաց հետ ուսուցողական է, հետաքրքիր ու հաճելի: Ի՜նչ լույս է ողողում հոգիդ, երբ այդ «հանդիպումների» ընթացքում ինքդ ես հայտնաբերում անկողմնակալ պատմիչին, ազնիվ գիտնականին, աստվածավախ մարդուն: Վսեմ ուսուցիչների հետ մշտական առնչությունը ցանկալի է, պարտադիր: Մեր խառնակ օրերում անհրաժեշտություն է հազարավոր տարիների խորքից նրանց լսելի դարձնելը` ձայնափող տրամադրելով: Ողջ աշխարհն այժմ տեսանելի է, փաստերի աղավաղումները՝ շահադետ, հարմարեցումները՝ ակնհայտ, միջմարդկային և միջպետական հարաբերություններում անկանխատեսելի հրաբուխ-ստերի ժայթքումը՝ անսահմանափակ: Հայոց հարցի, Արցախյան կարգավիճակի և առանցքային ցանկացած խնդրի ճիշտ, արդարացի ու համարձակ լուծումները, ճշմարտության լուսաբանումը, հանրամատչելիության ապահովումը, սերունդներին ի պահ տալը երկրի ընդերքը թափանցելուն հավասար հանգամանք են:
Մեծաց միջավայրում տեղ գտնելը, նրանց օրինակով մասնագիտանալը
ինքնատիպ բուհ է:
Նրանց ուսանելն ինձ օգնում է վերափոխվել բնավորությամբ, ձևավորվել որպես անկաշառ մեկնաբան, խորաթափանց մասնագետ, ճշմարտությունն ընկերոջից թանկ գնահատող շիտակ, անկողմնակալ մարդ:
Այս նոր ընկերության բարերար ազդեցությունը հարազատներս էլ են նկատում:
Տարիներ շարունակ մայրս հաճախակի ինձ հիշեցման ձևով դիտողություն էր անում, որ անչար դառնամ, փոքրերին, թույլերին չցավեցնեմ, քաջությամբ անկեղծ, անշահախնդիր, ազնիվ լինեմ բոլոր դեպքերում, գրքեր կարդամ և’ այլն, և’ այլն: Իհարկե, ես լսում էի… ականջի պոչով: Այդ խրատները սրտիս միջով չանցնելով` իմ արյան հատկանիշը չէին դառնում, թեկուզ հասկանում էի մորս թախանձանքների խորքում ծվարած սրտացավությունը, երազանքը: Նա ընթերցում էր Բրուտի «խաչ» թերթում տպագրված ութ-ինը տարեկանում հորինածս բանաստեղծությունները` ինձ ուղղորդելու գրքերի աշխարհը, սակայն՝ «ձայն բարբառոյ յանապատի»:
Նա երբեմն ոգևորությամբ վերապատմում էր հատկապես հեքիաթներիցս մեկը, ըստ որի քաղաքի երեխաներին գողացող Քամի Սև դև-հրեշին քաղաքացիները կարողացան հաղթել իր պարզությամբ իրենցից արհամարհված, մերժված խոհեմությանն ականջալուր լինելուց հետո միայն: Նրանք վրդովմունքով կարծել էին, թե բարի կամքի, գիտելիքի նպատակային կիրառումը մեծագույն, անմրցակից զենք ներկայացնող, հրանոթ ու թնդանոթով քամի-հրեշին հաղթելու անհնարինությունը պնդող Մեծահարուստը սոսկ պարտակում է իր կարողությունների խնայումը:
Իրեց հերթափոխող մատղաշ սերնդի համար համատարած չարիք-խավարի դեմ ապարդյուն պատերազմող համաքաղաքացիները փորձով համոզվելուց հետո ճարահատյալ հնազանդորեն, միակամ ընդունեցին իրենց տների պատուհաններին մեկական մոմ վառելու արտառոց հնարը: Նրանք զինավառվեցին ազնվալիցք, արդարահենք այդ խորհրդանիշ-զենքով: Այդպես պատերազմելու օրվանից անհետացավ Քամի Սև դև-հրեշը :
Մեր կյաքում և մարդկության պատմության ճանապարհին որքա՜ն շատ են Քամի Սև դև-հրեշները…
Խավարին շարունակ հայհոյելու փոխարեն համաժամանակյա գեթ մեկական մոմ վառելը գերադասելու հասարակ միջոցից օգտվելով` նրանք գիտության փարոսը վառ պահեցին` կամավորապես, գիտակցաբար, նպատակադրված, կամքի դրսևորումով` բորբոքելով մարդու էության մեջ անթեղված սրբությունը:
Քերթողահոր, Կողբացու և այլոց հետ ընկերանալով` տեսա կրթության, գիտության գերակայությունը յուրաքանևյուրիս մեջ, հասկացա իմ իսկ հորինածի բովանդակությունը, խորությունը, խորհուրդը: Փաստորեն Մեծահարուստի կերպարով մանկական հոգիս իսկական, մշտագո հաղթանակի ուղին է մատնանշել: Կրթությունը լույս է, մաքրություն, առաքինության լույսով շաղախվելիս` ամենաիսկական հարստությունը: Լույսով հարուստ-համախոհների առջև փակ դուռ չկա. պետք է իմացության ծառի պտուղներից ճիշտ օ•տվել, մտքի թռիչքը «մոմին»` հոգու զորությանը զուգակցել: Այսօրինակ համախմբվածությունն մարդկանց իրար գլխի կուտակում կամ խառնամբոխի հարայ-հրոց այլևս չի թույլատրում:
Մարդկության զարգացման ճանապարհին կրթությունը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվել` լինելով առաջշարժիչ ուժ: Այն նաև մեր դարի կենսապահպանման հզոր միջոցներից է:
Եթե ուսյալների սերնդափոխությունն ապահովված է, կրթությունը` մտքի պայծառացման, ազատ գործողոթյունների բանալին է` միահյուսված հոգու անարատությանը, ապա մեր կյանքի մութը կչքվի, մեր ճանապարհից, մեր աշխարհից կանհետանան մարդկության պատմությունը խորդուբորդող, արյուն-արցունքով, դավ ու խարդախությամբ կառուցողներն իրենց չար մտահղացումներով:
Հազարավոր տարիներ լուսավորյալ աշխարհ ունենալու ձգտումով բյուրավոր անձնուրաց անհատների երազանքը, միևնույն է, կյանքի է կոչվելու, բայց ի՜նչ հրաշալի կլիներ, որ այդ բերկրանքն ապրող սերունդը մենք լինեինք` քսանմեկերորդ դարի հայոց և համաշխարհային ուսյալ, ազնվության աղբյուրից ջուր խմած պատանիներս: