Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 1949
Անի Քարտալյան Հայրիկի
Դպրոց՝ 195

Դասարան՝ 10-3
Կրթության դերը իմ կյանքում
Իմ հասակակիցներին բաժին է ընկել թեև դժվարին, բայց երանելի մի ճակատագիր: Մեր ծնողներն, դաժան մաքառումների, ծանր փորձությունների փշոտ ճանապարհները կտրելով, նվաճեցին դարերով բռնադատված աստվածատուր մեր շնորհը` ազատ ու անկախ ապրելու մեր իրավունքը:Այսօր մենք ապրում ենք այն Հայաստանում, որի մասին դարերով երազել են լուսահոգի մեր հանճարները` Խորենացուց մինչև Շիրազ: Եվ այդ փոքրիկ հանրապետության լուսաշող ապագայի շինարարները մենք ենք լինելու` ես, իմ հասակակիցները, ապա` եկող սերունդները…Հայաստանը բոլոր հայերի տունն է, յուրաքանչյուր հայ, լինի այստեղ, Արցաղում, թե սփյուռքում` նրա լիիրավ բնակիչը: Իսկ եթե դու բնակիչնն ես այս տան, ուրեմն պարտավոր ես քո ուսերին կրել քո տան բոլոր հոգսերը: Բայց նախևառաջ,պիտի հրաշալի պատկերացում ունենաս այդ հոգսեռի մասին:
Որպեսզի մեր երկիրը լինի հզոր, առաջին հերթին պիտի ունենա հզոր տնտեսություն,գիտատեխնիկական բարձր մակարդակ, հզոր ու մարտունակ բանակ:Բայց արդյո՞ք հնարավոր է դա և ինչպե՞ս…Չէ՞ որ Հայաստանը այն սակավաթիվ երկրներից է, որ զուրկ է արժեքավոր բնական պաշարներից, ինչպիսիք են`ոսկի,նավթը, գազը…Մենք միայն լսում կամ հեռուստացույցով ենք տեսնում ծովի և օվկիանոսի հզոր հմայքները…
Հոգ չէ ամենևին, քանզի աշխարհը լավ գիտի,որ հայ մարդը հարուստ է ավելի, քան աշխարհի թիվ մեկ միլիոնատերը: Ու եթե վերջինիս այդ միլիոնները սերել է ոսկուց ու նավթից,ապա հայ մարդու ոգու և մտքի թռիչքով են կերտվել հոգևոր ու մշակութային այնպիսի արժեքներ, որոնք երբևէ գին չեն ունեցել: Ու եթե անցողիկ են ոսկին ու դրամը, ապա հավերժ մնայուն են Գառնին ու Զվարթնոցը, Ոսկեդարյան մատյաններն ու կոմիտասյան զուլալ մորմոքները…Աշխարհն այսօր ուրիշ աչքերով է նայում մեզ. չէ՞ որ Հայաստանն ավելի հին է իր հոգևոր կերտվածքով ու ստեղծագործ մտքով, քան, ասենք, Եգիպտոսն ու Բաբելոնը…
Ուրեմն երկրի ու նրա տնտեսության հզորացման գործում ավելի կարևոր է մարդկային գործոնը:
Հայաստանն աշխարհին հայտնի է նաև իր գիտական անպարփակ արժեքներով, նորագույն տեխնոլոգիաների ստեղծմամբ, աստղագիտության, բժշկագիտության, ճարտարապետության, շինարարության և շատ ուրիշ բնագավառներում նորանոր նվաճումներով: Եվ այս ամենի կենտրոնում հայ մարդն է` իր մտավոր ու հոգևոր, բարոյական ու գեղագիտական հատկանիշներով:
Ահա, հենց այստեղ է, որ կարևորվում է կրթության դերը ինչպես անհատի,այնպես էլ հասարակության կյանքում:
Կրթությունը մարդու ամենաթանկ արժանիքներից է, ինչպես առողջությունը: Դրանք, ինչ խոսք,չեն կարող բաղդատվել: Մարդու առողջությունն ավելի թանկ է լոկ ֆիզիկական իմաստով: Ես դա երբեք չեմ ժխտում: Բայց չէ՞ որ հոգու առողջությունն էլ պակաս թանկարժեք չէ:Եվ հենց կրթությունն է, որ բուժում է մարդկային հոգու բոլոր ախտերը:Ակամա մտաբերում եմ ոսկեղենիկ մեր պատմիչ Եղիշեի իմաստուն խոսքերը, որոնք դարեդար հղկվելով` այսօր ավելի են ճշմարտանում ու իմաստանում մեր ազգային մտածողության մեջ. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից(անկրթությունից):Կուրությունը զրկում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը`կատարյալ կյանքից: Լավ է կույր աչքով,քան կույր մտքով»:
Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են:Բայց կա նաև մեկ այլ ճշմարտություն :ԲՈՒՀ-ում կրթություն ստանալն ու դիպլոմ ունենալը դեռևս չի նշանակում կիրթ լինել:Արդյո՞ք մեր օրերում քիչ չեն «դիպլոմավոր» պաշտոնյաները, որոնք ապականում են հասարակությունը, ստվերում ժողովրդի բարօրությունը` հանուն իրենց գրպանի և անձնական շահերի: Երկրում արմատացած կոռուպցիան, վարչարարությունը, ամենաթողությունը, հանցագործություններն ու շատ ուրիշ արատավոր երևույթներ անկրթության արդյունքն են:
Կրթությունը մասնագիտություն ձեռք բերելու ուղի չէ միայն . այն ենթադրում է անձի և մտավոր, և ֆիզիկական, և բարոյական, և գեղագիտական, և հոգևոր զարգացում: Որքան շատ են բազմակողմանիորեն զարգացած կիրթ մարդիկ, այնքան ժողովուրդն ավելի հարուստ և ուժեղ է դառնում, իսկ երկիրը` հզոր ու անպարտ:
Ես այսպես եմ պատկերացնում կրթության դերն ու նշանակությունը մեր կյանքում: