Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 241
Լիզա Աղաբալյան Գրիգորի
Դպրոց՝ 77

Դասարան՝ 4-4
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Հաճախ մարդիկ օրագրերի մեջ գրում են հիշարժան օրերի մասին: Այդ օրերը լինում են տարբեր` և՛ լավ ու ուրախ, և՛ տխուր ու վատ: Ինձ հետ էլ կյանքում տարբեր բաներ են պատահում: Օրինակ` ես կցանկանայի պատմել իմ ամենավատ և ամենալավ օրերի մասին:
Իմ ամենավատ օրը` 2009թ.-ի ապրիլի 13-ն է: Այդ օրը մահացավ իմ սիրելի պապիկը: Նա իմ ամենալավ ընկերն էր: Նրա իմաստուն խորհուրդները և հետաքրքիր պատմությունները միշտ կմնան իմ սրտում: Այդ գարնանային օրը մի շատ տարօրինակ բան կատարվեց բնության հետ: Երբ պապիկս արդեն հանգչում էր, ծաղկած ծառերի վրա հանկարծ խոշոր ձյան փաթիլներ սկսեցին իջնել: Թվում էր` բնությունը փափուկ վերմակով ծածկում էր պապիկիս հիշողությունները: Դա շատ տխուր օր էր ինձ համար:
Իմ ամենալավ օրը` 2005թ.-ի հունվարի 1-ն է: Ես չորս տարեկան էի, բայց շատ լավ եմ հիշում այդ օրը:
Նոր տարվա առաջին օրն էր: Ամբողջ տունը գեղեցիկ զարդարված էր: Սեղանին դրված էին համեղ ուտելիքներ: Մենք սպասում էինք մեր հյուրերին: Հանկարծ դուռը թակեց Ձմեռ պապիկը: Սկզբում մայրիկս ու հայրիկս շատ զարմացան, հետո կարծելով, որ այդ Ձմեռ պապիկին կանչել են իմ պապիկները, ներս հրավիրեցին նրան: Մենք հյուրասիրեցինք նրան, ես արտասանեցի և երգեցի նրա համար: Հետո բոլորս միասին նկարվեցինք եղևնու մոտ: Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք: Բայց հետո պարզվեց, որ Ձմեռ պապիկին ոչ ոք էլ չի կանչել: Բոլորս մնացել էինք զարմացած: Այդ օրվանից մեր կյանքում շատ բաներ փոխվեցին: Հայրիկս, որը այդ ժամանակ հիվանդ էր, առողջացավ և գնաց աշխատանքի: Ամառը մենք ծով գնացինք և ամբողջ տարին շատ լավ անցկացրեցինք: Եվ այդ օրվանից ես ավելի շատ սկսեցի հավատալ, որ Ձմեռ պապն իսկական է:
Ահա այսպիսի տարբեր և տարօրինակ բաներ են եղել իմ կյանքում: