Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 216
Հայկ Հայրապետյան Ռուբենի
Դպրոց՝ 114

Դասարան՝ 7-5
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Սկսենք ամենասկզբից: 1998թ.-ին ծնվեց մի տղա` Հայկ անունով: Բայց ոչինչ չի հիշատակվում այդ մասին նրա օրագրում: Կա մի պարզ բացատրություն: Նա ոչինչ չի հիշել: Ի տարբերություն մարդկանց, օրագրերը հիշում են ամեն ինչ այն օրից, երբ մարդու ձեռքը դիպչում է նրա էջերին: Իսկ մարդիկ իրենց կյանքը պարզորոշ հիշում են բարդ, բայց իրական կյանք մտնելուց հետո: Հիմա կհիշատակեմ միայն այն օրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել մարդու կյանքը, և առանց որի այն տաղտկալի կլիներ:
Մարդու կյանքի ուրախ և տխուր էջերն այնպիսին են, առանց որոնց անիմաստ կլիներ մարդու կյանքն ու օրագիրը: Դրանք մարդու կյանքում այնքան կարևոր են, ինչքան հերոսներն ու սյուժեն պատմվածքում:
Սեպտեմբերի 1, 2005թ.: Թիվ 114 դպրոցի բակում աղմուկ է բարձրացել: Մեկ մարդու ձայնը հանգիստ լսելու համար ցածր է: Բայց երբ մարդիկ հսկայական խումբ են կազմում նրանց ձայնն անտանելի է դառնում: Երկնքից նայելիս կարելի է կարծել, թե մրջյունների բազմություն է հավաքվել: Այնտեղ էր նաև այս օրագրի հեղինակը: Նրա հայացքն ասում էր, որ նա եկել է միայն սովորելու և կրթություն ստանալու համար: Սակայն նրա հայացքի մեջ կար սպասում, հուզմունք և վախ, որովհետև դեռ չգիտեր, թե ինչ է իրեն սպասվում դպրոցի պատերի ներսում: Գուցե առաջին հայացքից թվա, թե նա ինքնահավան է, բայց դա այդպես չէ:
Հանկարծ, կարծես հրահանգով, բոլորը ներս մտան դպրոց: Երեխաներն իրենց ծնողների հետ մտան դասարան` տեսնելու իրենց առաջին ուսուցչուհուն: Այդպիսի օրեր մարդու կյանքում քիչ են, որ և´ հետաքրքիր, և´ կարևոր լինեն: Այն ժամանակ ես դա չէի հասկանում: Հիմա արդեն յոթերորդ դասարանում եմ:
Առաջին ուսուցչուհին, ում ես տեսա, մեր դասվարն էր` ընկեր Հովսեփյանը: Նա շատ բան փոխեց իմ կյանքում: Ես սկզբում շատ լուռ ու ինքնամփոփ էի դասերի ընթացքում: Չգիտեմ, թե ինչպես դա նրան հաջողվեց, բայց ես դարձա ավելի ակտիվ: Ես այս խոսքերն ասելուց առաջ երկմտում էի` գրե՞լ, թե՞ ոչ:
Ինչ հետաքրքիր են մարդիկ: Ուրիշների լավ գծերը ծածկելով` փորձում են կոծկել իրենց թերությունները: Ես էլ եմ մարդ և զերծ չեմ մնացել դրանցից: Իմ այսօրվա օրը շատ է տարբերվում իմ անցյալից: Ես չեմ ամաչում, քանի որ այսօրվա իմ օրը լրացնում է իմ անցյալը: Հիմա ներկան է կարևոր, այլ ոչ թե անցյալը: Մարդիկ պետք է շատ աշխատեն իրենց վրա, որպեսզի իրենց թերությունները վերացնեն:
Դպրոցում առաջին չորս տարիներին բացի սովորելուց, հասկացա նաև, թե ինչ է ընկերությունը:
Հիմա արագ թռիչքով առաջ անցնենք` հետևում թողնելով պարզ ու անհոգ մանկությունը և մտնենք բարդ, բայց հետաքրքիր դպրոցական կյանք:
Հինգերորդ դասարանն ամբողջ դասարանի համար ցնցում էր: Այլևս չկար մեր հովանավորը` մեր դասվարը: Եկան նոր ուսուցիչներ, ովքեր մեզ պետք է նոր գիտելիքներ տային: Դժվար էր մտածել, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել: Շատ ուսուցիչներ ավելի խիստ էին և մեզանից պահանջում էին անել այն, ինչ մենք երբեք անցյալում չէինք արել: Կար մի հուսադրող փաստ. մենք այն չորս տարիներին բավականաչափ գիտելիքներ էինք ձեռք բերել այս փորձությունը հաղթահարելու համար: Բայց մի ուրիշ միտք ինձ հանգիստ չէր տալիս. եթե ես այս փորձությունը չանցնեի, ապագայում ինձ համար շատ դռներ կփակվեին` լավ կյանք ունենալու և օրագիրս ինձ պատիվ բերող բառերով լցնելու համար:
Մի փոքր խոսենք ապագայի մասին: Շատերն են ասում, որ ճակատագիրն անհնար է կանխատեսել: Ճիշտ է, կան բաներ, որ չենք կարող փոխել, բայց հիմնականում մենք ենք կերտում մեր ապագան: Մենք չենք կարող կանխատեսել ճակատագրերը, բայց կարող ենք ճակատագրին ուղղություն տալ:
Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց հիմա պետք է փորձեմ այնպիսի ուղղություն տալ ճակատագրին, որ ապագայում, առանց այդ էլ կարճ թվացող այս կյանքն ապրեմ պատվով և երջանիկ: