Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Ես մոտեցա գրապահարանին, գրքերի արանքից զգուշորեն վերցրեցի օրագիրս, որն արդեն մի քանի օր էր, ինչ չէի լրացրել: Սկսեցի երկմտել. գուցե այսօ՞ր էլ ոչինչ չգրեմ, գուցե հանձնեմ իմ այս ապրումները տարիների և հիշողության փորձությա՞նը: Ու ինչ կմնա, թող այն էլ մնա:
Բայց չէ… Ախր սիրտս պայթում էր: Այն, ինչ պատել էր ինձ, ինչ որ ես զգում էի այդ պահին, չէի կարող ոչ մեկին պատմել, անգամ հորս, ում հետ արդեն ընկերներ էինք: Գրիչը վերցրեցի ու մի աննկատ անկյունում սկսեցի լրացնել օրագրիս հերթական էջը, որը հավանաբար ամենատխուրներից մեկն էր լինելու: Մտքերս ցրիվ էին: Զգացմունքներն ինձ թույլ չէին տալիս սթափ շարադրել: Բայց սկսեցի. “Այսօր մայիսի 12-ն է, մորս այսօր պետք է վիրահատեն: Ես բոլորովին չեմ ուզում, թեպետ գիտակցում եմ, որ դրա անհրաժեշտությունն արդեն առաջացել է: Եվ հետո, մայրս երբևէ չի բացակայել տանից երկար ժամանակով: Իսկ հիմա նա անորոշ ժամանակով բացակայելու է: Բացի այդ այնքա~ն տխուր է առանց նրա: Քույրս անվերջ լաց է լինում, իսկ ես, որպես մեծ եղբայր, սփոփանքի խոսքեր չեմ գտնում նրան ասելու: Մեկը լինի ինձ սիրտ տա …”:
Աչքերս լցվում են ու գրածս սկսում է մշուշվել: Անթարթ հայացքով նայում եմ օրագրիս անկենդան էջին, որն ասես համր լինի: Օրագրիս թերթն անսպասելի թրջվում է: Հասկանում եմ, օր աչքերիցս արցունքներ են գլորվում: Չէ’, ես տղամարդ եմ ու այս ամենն ինձ սազական չէ: Ես պետք է ուժեղ լինեմ ու ճիշտ դատեմ: Շրջում եմ օրագրիս էջն ու սկսում թերթել նախորդող գրառումները: Ուզում եմ մի ուրախ հիշողություն գտնել, ընկնել նրա գիրկն ու մոռանալ ամեն բան:
Ահա… Կարծես թե գտա: Հայացքս մեքենայորեն սահում է տողերի վրայով, սակայն միտքս այնտեղ է` հիվանդանոցում, մորս հետ: Չէ, ոչ մի ուրախ հիշողություն չի կարող ինձ փրկել այս դրությունից: Զգուշորեն փակում եմ իմ տարիների ամենահավատարիմ ընկերոջը, որն ասես ինձանից նեղացած լինի իմ շտապողականության ու անվստահության համար: Բայց ես գիտեմ, որ նա ինձ հետո անպայման կների ու ես նորից նրա էջերին կհանձնեմ իմ տխրություններն ու ուրախությունները, իմ հաջողություններն ու անհաջողությունները: Բայց ո’չ այսօր: Որովհետև այսօր բառերը շատ խեղճ ու անօգնական են թվում այն ամենի դիմաց, ինչ ես զգում եմ այս պահին:
Հանկարծ դուռը շրխկոցով բացվեց ու սենյակ մտավ քույրս: Ես օրագիրն աննկատ մտցրեցի վերնաշապիկիս տակ ու արագ դուրս եկա սենյակից: Թաքցրեցի այն, ինչպես միշտ, նույն տեղում: Մոտեցա լուսամուտին ու դուրս նայեցի: Գարուն էր: Ամեն ինչ պայծառ էր ու լուսավոր: Ծառերը պարուրվել էին կանաչ ու թավշյա հանդերձանքով: Երկինքն անամպ էր ու արևոտ: Հասկացա, որ ինձ ոչինչ չի հրապուրում:
Չէ, տանից դուրս գալ է պետք: Գուցե թարմ գարնանային օդն ինձ արթնացնի այս մղձավանջից: Բաճկոնս վերցրեցի ու վազեցի դուրս: Դանդաղ քայլում էի մայթով: Մարդիկ, չգիտես ինչու, այսօր մտահոգ էին թվում: Գուցե նրա՞նք էլ ինչ-ինչ հոգսեր ունեին:
Հնչեց հեռախոսիս զանգը: Հայրս էր: Մի պահ հապաղեցի միացնել: Իսկ եթե հանկարծ…Բայց հորս ձայնը շատ վստահ ու համոզիչ հնչեց. ”Վիրահատությունն ավարտվեց, ամեն ինչ լավ է, մայրդ քեզ ու քույրիկին բարևում է”: Ես այլևս ոչինչ չէի լսում: Միայն զգացի, որ հայտնվել եմ մայթեզրի ծառի դիմաց: Ցնծում էի: Քայլերս ուղղեցի դեպի տուն: Պետք էր բարի լուրն ավետել նաև քրոջս: Պետք էր…
Այդ երեկո ես նորից առանձնացա օրագրիս հետ ու նրան պատմեցի իմ ապրումները, որ նրա ուրախ էջերը ևս մեկով ավելանային…