Իմ երազանքների դպրոցը
Յուրաքանչյուր մարդ ունի երազանքների իր աշխարհը: Ես` նույնպես: Երազանքների այդ աշխարհում ես միայնակ եմ և ինչ ցանկանում, այն էլ կարող եմ անել: Երազների այդ գունավոր ու տաքուկ անկյունում մի առանձին տեղ է գրավում դպրոցը:
Այստեղ է, որ մեզ սովորեցնում են <<Ա>>-ն ու <<Բ>>-ն, <<1+1>> և դեռ ինչքան նոր գիտելիքներ են տալիս: Իմ երազանքների դպրոցում է, որ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, առաջին սեր… Իմ երազանքների դպրոցում մոր պես հարազատ ուսուցիչներս հոգում են մեր մտավոր և ֆիզիկական դաստիարակության մասին, հետևում ճիշտ վարքի կանոնների պահպանմանը: Այստեղ ես սովորում եմ ոչ միայն դպրոցական առարկաներ, այլև մարդկային կյանքում անչափ կարևոր մի սկզբունք` չստել… Իմ ուսուցչուհու ամենամեծ պատգամն է սա, որ ես կտանեմ իմ ողջ կյանքի ընթացքում:
Երբ դեռ դպրոց չէի գնում, մի թաքուն հիացմունքով էի նայում բոլոր նրանց, ովքեր դպրոցական պայուսակներով շտապում էին դպրոց: Այդ պահին ես ինձ պատկերացնում էի նրանց հետ: Ահա մի քանի վայրկյան, և ես արդեն դպրոցի ներսում եմ: Այն երկհարկանի մի հսկա կառույց է` ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, որոնք ձմռան ցուրտ օրերին աշակերտների համար դառնում են ջերմ ու տաքուկ անկյուն:
Իմ հուշերում միշտ լուսավոր ու պայծառ կպահեմ այն օրվա հիշողությունները, երբ առաջին անգամ սեպտեմբերի 1-ին մայրս ինձ տարավ դպրոց: Այդ օրվա հերոսը ես էի: Որքան հուզմունք կար ու լուսավոր թախիծ, չգիտեի` ի՞նչ է դպրոցը, արդյո՞ք այստեղ էլ իմ մասին հոգ կտանեին այնպես, ինչպես դա անում էի մայրս …
Ուսանելու երեք տարիների ընթացքում ես հասկացա, որ դպրոցն իմ երկրորդ տունն է: Ուսուցչուհուս անսահման բարությունը, դասընկերներիս հետ մշտական խաղերը և դպրոական առօրյան ստիպեցին ինձ հասկանալ, որ սա հենց այն վայրն է, որը վստահաբար կարելի է կոչել <<իմ երազանքների դպրոց>>…
Իմ երազների դպրոցի դասասենյակները կահավորված են գեղեցիկ ու հարմարավետ դպրոցական կահույքով: Իմ պատկերացմամբ, յուրաքանչյուր դասասեղանին դրված են գեղեցիկ բնական ծաղիկներ: Դրանք խնամում են աշակերտները: Աշակերտների ամենասիրելի վայրը մեծ ու փոքր մարզադահլիճներն են և լողավազանը` մեծ, գեղեցիկ: Մարզադահլիճներում կան բոլոր հարմարությունները, բոլոր սարքավորումները` մարզվելու, խաղալու համար:
Ունենք մի մեծ, գեղեցիկ դահլիճ, որտեղ անցկացվում են բոլոր միջոցառումները. այն կահավորված է փափուկ նստարաններով, ունի հիանալի սրահ:
Կրտսեր տարիքի դպրոցականներիս ամենասիրելի վայրը դպրոցի ճաշարանն է, որտեղ վաճառվում են համեղ բուլկիներ, գաթաներ: Ըստ իմ պատկերացումների, ավագ տարիքի դպրոցականների երևի թե ամենասիրելի դասասենյակը համակարգչային սենյակն է: Եթե անկեղծ լինեմ, ապա այն նաև փոքրերի սիրելի սենյակն է: Համակարգչի առջև նստելն ու մատները ստեղնաշարի վրայով սահեցնելը մի այլ զգացողություն է: Քեզ ուժեղ, գիտուն մարդ ես զգում: Մի շատ հետաքրքիր անկյուն էլ կա դպրոցում. դա գրադարանն է: Ես շատ կցանկանայի, որ իմ երազած դպրոցում գրադարանը միշտ մարդաշատ լինի, աշակերտները շատ կարդան:
Ես շատ եմ սիրում հեքիաթներ կարդալ: Շատ կուզեի, որ այդ գրադարանում, լինեին աշխարհի բոլոր ժողովուրդների հեքիաթները ու ես բոլորը կարդայի: Հեքիաթները մեզ սովորեցնում են բարի լինել, չսիրել չարը, լինել ազնիվ ու կարեկից:
Այդ գեղեցիկ լուսավոր դպրոցում բոլոր ուսուցիչները մեզ շատ սիրելի են…